Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենակ եմ։

— Քեզ ո՞վ է ճանաչում այստեղ։

— Միայն այս պարոնը, — նա դարձավ դեպի ինձ, — ես այստեղ ուրիշ ծանոթ չունեմ։

— Ես ճանաչում եմ, աղա, լավ մարդ է,— ասեցի,— եթե կամենում եք գործ հանձնել, կարող եք հավատալ։

Թաթարը ամենևին չէր սպասում, որ ես այսպիսի վկայություն կտայի յուր մասին։ Աղան, այսինքն քավոր Պետրոսը, իմ խոսքերով բավականացավ, խոստացավ նրան ամիսը տասն և հինգ ռուբլի վճարել, որ յուր մոտ ծառայե։

— Հո ծառայությունները խիստ թեթև կլինեն, — ասաց նա,— քո գլխավոր գործը այն կլինի, որ գիշերները իմ խանութում պիտի պառկես, որքան կարելի արթուն կերպով, որ հսկես դռան վրա։ Տոնավաճառի պատճառով գողերը բազմացել են։

Միամիտ մահմեդականի ուրախությանը չափ չկար։ Աղան շնորհեց նրան մի ռուբլի, հրամայեց, որ իսկույն բաղանիք գնա, մաքրվի, հագուստը փոխե և այն օրից սկսե ծառայությունը։

— Ես ուրիշ հագուստ չունեմ, բացի դրանցից, որ տեսնում եք, — ասաց թաթարը։

— Ես կտամ, — պատասխանեց աղան։

Թաթարը մեծ գոհունակությամբ հեռացավ։

Քավոր Պետրոսի խանութը, իրավ որ, առանձին հսկողության կարոտ էր։ Նրա մեջ գտնված հարստությունը կարող էր հրապուրել գողերի և ավազակների ախորժակը։ Շատերը նրան ճանաչում էին իբրև մի հայտնի ակնավաճառ, որի մոտ գտնվում էին խիստ հազվագյուտ գոհարներ։ Բայց ո՞րտեղից էին այդ գոհարները, ո՞վ տվեց նրան, ինչո՞ւ մինչև այժմ ես տեղեկություն չունեի նրանց գոյության մասին,— այդ հարցերը սաստիկ հետաքրքրում էին ինձ։ Թաթարի՝ բաղանիք գնալուց հետո, քավոր Պետրոսը կողպեց խանութը և, յուր երկայն չիբուխը թամբաքվի քսակի հետ տալով ինձ, ասաց.

— Հետևիր ինձ։

Արևը վաղուց մայր էր մտած․ փողոցներում վառվում էին ճրագները։ Բազմության աղմկալի անցուդարձը փոքր֊ինչ դադարել էր։ Ես այն գիշեր փոխել էի իմ արջ պար ածողի մուշտակը, և հագած ունեի պարսիկ սպասավորի հագուստ։ Քավոր Պետրոսի երկայն չիբուխը ձեռքիս բռնած, նրա հետևից գնալով, ես կատարում էի այն տեսակ սպասավորների պաշտոնը, որոնք արևելքում միայն