Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական թանկ եմ գտնում։ Իմ առաջարկաձ գինը պակաս գին չէ։ Ավելի լավ կանեք, որ ընդունեք և այս րոպեիս վերջացնեք գործը։

— Ձեզանից, որպես մի հմուտ վաճառականից, աններելի է այդ լսել։ Մի՞թե կարելի է այս աստիճան ստորացնել իմ գոհարների արժեքը,— ասաց քավոր Պետրոսը և դժգոհությամբ սկսեց թանկագին քարերը կրկին դարսել արծաթյա տուփի մեջ։

Պետք է ասած, որ երիտասարդ բուխարեցին ամենևին հմտություն չուներ առհասարակ վաճառականության մեջ, մանավանդ գոհարներ ճանաչելու կամ գնահատելու մեջ։ Քավոր Պետրոսը կամեցավ միայն շողոքորթել նրան։ Հարուստ հոր միակ զավակը լինելով, նրան առաջին անգամ վաճառականությամբ օտար աշխարհ էին ուղարկել, նրա բախտը փորձելու համար։ Եվ որպես խորհրդատու, անփորձ երիտասարդի հետ դրել էին նրա ծերունի դայակին, որը այն գիշեր ուրիշ տեղ հյուր էր գնացած։ Բայց ծերունի դայակի ներկայությունը այժմ այնքան հարկավոր չէր, որովհետև գո¬արների մասին բանակցությունը սկսվել էր մի քանի օր առաջ. և ծերունի դայակը զանազան հասկացող ակնավաճառների ցույց էր տվել, գնահատել էին գոհարները։ Տարբերությունը քավոր Պետրոսի պահանջածի ու նրանց առաջարկածի մեջ հինգ հազար ռուբլի էր միայն։ Քավոր Պետրոսը երկու հազար ևս զիջում արեց և, վերջապես գինը հայտնելով, ասաց․

— Քսան հազար ռուբլի, բոլորակ թիվ է մի կոպեկ անգամ չեմ պակասացնի։

Երիտասարդը համաձայնվեցավ և հրամայեց յուր գործակատարին իսկույն համբարել փողերը։ Քավոր Պետրոսը ստացավ և հանձնեց գոհարները, ասելով.

— Թող ես Մուհամմեդի սուրբ ատամը կոտրող չարագործներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, որ այդ առևտուրի մեջ ոչ միայն վաստակ չունեցա, այլ բավական վնաս եմ կրում։ Ես այդ գոհարները գնել եմ Հնդկաստանում մի հարուստ առաջայից քսանհինգ հազար ռուբլով։ Իսկ այժմ փոխարենը ստանում եմ միայն քսան հազար ռուբլի։ Ես վնասվեցա, բայց տացե աստված, որ դուք մեկին հազար օգուտ վեր առնեք։

— Հույս ունեմ, — ասաց երիտասարդը ինքնաբավական ժպիտով։— Դուք բարի մուսուլման եք, ձեզանից կարելի է «խեյր» սպասել։ 

— Հավատացեք, որ այդպես է, դուք չեք սխալվում, պատվելի պարոն, — պատասխանեց քավոր Պետրոսը մի առանձին ջերմեռանդությամբ։