Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/422

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր նոր աղայի բարեսրտության համար։ Աղան հրամայեց նրան, որ իսկույն հագնվի։ Երբ բոլորովին պատրաստ էր նա, ասաց, որ գնա խոհանոցում ղահվե պատրաստե։ Ասկերի հեոանալուց հետո քավոր Պետրոսը ինձ կանչեց յուր մոտ։

— Մուրադ, — ասաց նա, — ունե՞ս քեզ մոտ որևիցե զենք։

— Մեծ դանակս մոտս է։

— Այդ բավական է, — ասաց նա շտապով։— Ես գնում եմ, դու այդ հիմարի պարանոցը կկտրես... գլուխը կբերես քեզ հետ... իսկ մարմինը կթողնես այստեղ... այդ արկղը և խանութի կողպեքը կկոտրես... դուռը կիսաբաց կթողնես... ես գնում եմ քո արջի մոտ... այնտեղ կսպասեմ քեզ...։

Այդ խոսքերը այնպիսի պարզությամբ արտասանեց նա, որ ես ժամանակ չգտա բացատրություն պահանջելու։ Վստահ լինելով, որ յուր պատվերները ճշտությամբ կկատարվեն, այլևս չսպասեց պատասխանի, Ասկերի շորերը հագավ և հեռացավ։

Երևում էր, որ Ասկերը սպասավորության մեջ բավական վարժված էր։ Տասն րոպե չանցած, ղահվեի լիքը գավաթները մատուցարանի վրա դրած, ներս բերեց։ Տեսնելով յուր տիրոջ բացակայությունը, հարցրեց նա․

— Ո՞ւր գնաց աղան։ — Դրացի խանութից կանչեցին նրան, շուտով կվերադառնա,— պատասխանեցի ես։

Ասկերի սերը այն աստիճան վառված էր դեպի ինձ, որ մի առանձին մտերմությամբ տվեց ղահվեի գավաթներից մեկը և խնդրեց խմել։ Երբ վերջացրի, իսկույն մտաբերեցի քավոր Պետրոսի սոսկալի պատվերը։ Ի՞նչ պետք էր անել։ Ես մնացել էի շվարած։ Մի մթին, անորոշ զգացմունք ներսից տանջում էր ինձ։ Գուցե դա հանգած խղճի մի փոքրիկ կայծը լիներ, որ դեռ վառ էր մնացել իմ սրտում։ Երբեք և ոչ մի ժամանակ ես այնպես կանգ չէի առել եղեռնագործության առջև, որպես այդ րոպեում։ Կյանքից զրկել մի անմեղ մարդու, դա սարսափելի չարագործություն էր։ Եվ ի՞նչի համար, ի՞նչ էր արել նա։ Բայց մի՞թե դահիճը իրավունք ունի քննելու, մի՞թե իրավունք ունի խղճալու։ Ես դահիճ էի, ես մի կույր, անսիրտ գործիք էի։ Հրամայում էին մորթել, պետք է մորթեի...։

Ես կանգնեցի։ Ասկերը տեսնելով, որ մենք մենակ ենք, երախտագետ սիրտը այլևս չհամբերեց։ Նա մոտեցավ, գրկեց ինձ, և յուր կուրծքի վրա սեղմելով ասաց.

— Ա՛խ, դու որքան լավ մարդ ես, շա՛տ լավ մարդ, աստված