Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քեզ բարի տա։ Եթե ինձ այդ աղայի մոտ չբերեիր, ես սովին կմեռնեի։

— Դարձյալ կմեռնես..․, — պատասխանեցի ես, և դանակը ցցվեցավ նրա կոկորդի մեջ.․.։

Խեղճը դողդողաց և գլորվեցավ ցած.․.։

Ես ամենայն ճշտությամբ կատարելով իմ վարպետի պատվերները, հեռացա, ինձ հետ տանելով ողորմելի Ասկերի կտրած կառափը։ Գալով քավոր Պետրոսի մոտ, հարցրի.

— Ի՞նչ պետք է անել այդ գլխի հետ։

— Ջարդիր, տուր արջիդ, թող ուտե։

Ես կատարեցի և նրա վերջին հրամանը։ Քավոր Պետրոսը այրեց Ասկերի շորերը, որ հագնելով դուրս էր եկել յուր խանութից, և կրկին հագավ յուր արջ պար ածողի մուշտակը։ Մյուս առավոտ նա ուղարկեց ինձ փողոց, տեսնելու, թե ինչ ձայն կա։ Դեռ նոր էին ուշադրություն դարձրել խանութի կոտրած կողպեքի վրա, դեռ նոր էին գտել մորթված դիակը և գոհարների խորտակված արկղիկը։ Ոստիկանությունը շրջապատել էր խանութը, ոչ ոքին չէին թողնում մոտենալ։

— Ի՞նչ էր պատահել,— հարցնում էին մարդիկ միմյանցից։

— Այս գիշեր խորասանցի հարուստ ակնավաճառի գլուխը կտրել են, բոլոր գոհարները տարել են,— լինում էր պատասխանը։

— Աստված պատժեց նրան, — ամբոխի միջից լսելի եղավ մի ձայն, այս գիշեր նա վաճառեց ինձ քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ...

Ոստիկանությունը իսկույն կալանավորեց այդ մարդուն: Դա երիտասարդ բուխարեցին էր։

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ճանապարհին զանազան մտածություններ պաշարել էին ինձ։ Ես հասկանում էի, թե ինչ նպատակով խաղացվեցավ այդ ամբողջ դրաման։ Ես հասկանում էի, որ խեղճ Ասկերին խորասանցի ակնավաճառի հագուստի մեջ մորթել տալով, քավոր Պետրոսը կամեցավ կորցնել իսկական ակնավաճառի (այսինքն յուր) հետքերը։ Բայց ես չէի հասկանում մի բան։ Իրավ է, որ քավոր Պետրոսը, օգուտ քաղելով երիտասարդ բուխարեցու միամտությունից, վաճառեց նրան քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ։ Բայց ինձ հայտնի էր, որ նա սկզբում ցույց էր տվել բոլորովին բնական գոհարներ, հետո բնականի փոխարեն