Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տվեց կեղծը, արհեստականը, նմանեցրածը։ Այժմ գլխավոր հարցը նրանումն էր, թե ո՞րտեղից ուներ քավոր Պետրոսը այն բնական գոհարները, որ ուրիշ շատ մարդկանց վրա ևս վաճառեց։

Մի ակնթարթում ծագեց իմ հիշողության մեջ վաղուց մոռացված անցքը, որ սկիզբն գրեց իմ դժբախտությանը..․։ Ես հիշեցի այն աղետալի բանալին, որ դարբնի աշկերտ եղած ժամանակս շինել էի քավոր Պետրոսի համար։ Ես հիշեցի նույն բանալիով մի ամրոցի մեջ պահված երկաթե արկղի բացվելը և նրա միջից մևծ քանակությամբ գոհարների և զանազան թանկագին իրեղենների կողոպտվելը։ Ես հիշեցի վարպետիս կրած տանջանքները, նրա արհեստանոցը հարքունիս գրավելը։— Այդ բոլորը ինձ ասում էին, թե քավոր Պետրոսի այժմյան ակնավաճառությունը խորին կապ ուներ Պարսկաստանում մի ժամանակ կատարված գողության հետ։ Ես հիշեցի մի այլ փաստ, որ բոլորովին հաստատում էր իմ ենթադրությունները։ Երբ անց կացանք Երասխ գետից և առաջին անգամ ոտք դրեցինք ռուսաց հողի վրա, քավոր Պետրոսը մաքսատնից փախցնելու նպատակով յուր ավանակի փալանի մեջ թաքցրեց զանազան իրեղեններ, որ հետո ամենայն զգուշությամբ աշխատում էր ծածկել ինձանից։ — Մի՞թե այն իրեղենները այժմյան գոհարները չէին, որ գողացվել էին հիշյալ երկաթե արկղից, իմ ձեռքով շինված բանալիով։

Երբ այդ մասին փորձեցի տեղեկանալ քավոր Պետրոսից, նա խիստ խոժոռ հայացքով նայեց իմ երեսին և լռեց...։

Մենք մի քանի օր ևս մնացինք տոնավաճառում, պար ածեցինք մեր արջը և ապա հեռացանք։

Զ

ՌԱԲԲԻ ՇԻՄՈՆԸ

Թողնելով տոնավաճառը, մենք շարունակեցինք մեր արշավանքը դեպի կայսրության հարավ-արևմտյան գավառները։ Մի ամսից հետո գտնվում էինք*** քաղաքում։ Այստեղ քավոր Պետրոսը ծանոթացավ մի հրեա սեղանավորի հետ, որը, թանկագին իրեղեններ գրավ առնելով, փող էր տոկոսով տալիս, իհարկե, խիստ ծանր տոկոսով։

Փոքր միջոցում քավոր Պետրոսը կարողացավ այնքան գրավել հրեայի համակրությունը, որ նրանց հարաբերությունները, կարելի