Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/426

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թույլ կողմերից օգուտ քաղել։ Այդ թույլ կողմերից ավելի դյուրախաբը, ավելի հեշտ հրապուրվողը կրոնական զգացմունքն է։ Խաչագողը ամենայն ճարպկությամբ հարստահարում է այդ սրբազան զգացմունքը։

Հասկանալի է, որ այս և այն կրոնական համայնքի, այս և այն եկեղեցական պետի ներկայացուցիչ լինելու համար պետք է ունենալ յուր ձեռքում թղթեր կամ կոնդակներ զանազան բարձր հոգևոր իշխանություններից, որոնց ներկայացուցիչն են ձևանում։ Խաչագողները ունենում են այս տեսակ թղթեր, և այն աստիճան վարպետությամբ պատրաստված, որ անկարելի է կասկածել նրանց անհարազատության մասին կամ ճանաչել, որ նրանք կեղծ են խաչագողներից առանձին մարդիկ իրանց համար արհեստ են շինել պատրաստելու կեղծ կոնդակներ, որ վաճառում են ցանկացողներին խիստ թանկ գնով։ Քավոր Պետրոսը ուներ մի կոնդակ, եբրայեցոց լեզվով մագաղաթի վրա գրված և Բաղդադի հրեից քահանայապետի ահագին կնիքով դրոշմված։ Քավոր Պետրոսը չէր գնած այդ նշանավոր կոնդակը, այլ փոխել էր մի ուրիշ թղթի հետ, որը իբր թե նա ստացել էր Մեքքայի շերիֆից, և որի շնորհիվ նա մի քանի տարի կողոպտեց Հնդկաստանի մահմեդականներին։

Խաչագողները ունենում են զանազան թղթեր, որոնք մեկի համար հնացած և գործածությունից ընկած են լինում, իսկ մյուսի համար նոր են համարվում։ Այսպիսի թղթերը նրանք փոխում են միմյանց հետ, կամ վաճառում են միմյանց վրա։ Նոր թուղթ ստացող խաչագողը ման չէ գալիս երկրի այն կողմում և այն ժողովրդի մեջ, ուր նույն թղթով շրջան էր գործել նրա նախկին ունեցողը։ Որպես ձկնորսը յուր ուռկանը չէ գցում գետի այն տեղը, ուր մի քանի օր առաջ որսացել էր մի ուրիշը։

Այդ քաղաքը մտնելուց հետո անցել էր երկու շաբաթ։ Ես ամենևին տեղեկություն չունեի, թե քավոր Պետրոսը ինչ բանի վրա է մտածում կամ ինչով է զբաղված, որովհետև նա շատ ժամանակ բացակա էր գտնվում մեր իջևանից։ Բայց հենց առաջին օրից ինձ պատվիրեց, որ մեր կացարանից դուրս չգամ և ամենևին ցույց չտամ, թե ես նրա ընկերն եմ։ Ինձ սկզբում անհասկանալի էր, թե ինչո՞ւ թաքստի մեջ էր պահում ինձ։ Բայց մի օր դարձավ դեպի ինձ այդ հարցով.

— Կամենու՞մ ես շատ փող ունենալ, Մուրադ։

— Ինչո՞ւ չէ։

— Ուրեմն ինչ որ ասեմ, պետք է կատարես։