Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես միշտ հնազանդ եմ եղել ձեզ։

— Դու պետք է մտնես այդ մեծ սնդուկի մեջ, որ այսօր բերեցի բազարից։

— Կամենու՞մ եք, որ դա իմ դագաղը լինի։

— Այո՛, դրա նման մի բան,— պատասխանեց նա ժպտալով և ապա շարունակեց.

Լսիր, քեզ այս սնդուկի մեջ փակած պետք է տանեմ մի հրեա սեղանավորի խանութը։ Սնդուկը այնտեղ պահ կտամ, ուր կմնա երեք օր։ Վերջին օրվա գիշերը դու կբացես քո դագաղը և հարություն կառնես նրա միջից։ Սնդուկը այնպես պատրաստված է, որ ներսից խիստ հեշտությամբ կբացվի։ Խանութում դու կգտնես երկաթյա ահագին արկղ։ Նա լիքն է ոսկիներով և զանազան թանկագին իրեղեններով։ Նրանց մեկ մասը, իհարկե մեծ մասը, քեզ հետ առած, կրկին կմտնես քո դագաղի մեջ։

— Ինչու՞ ոչ ամենը, այլ նրանց մեկ մասը։

— Այստեղ նպատակ կա...։

Թեև նա չասաց, բայց ես հասկացա, որ քավոր Պետրոսի սակավապետությունը այն նպատակով էր, որ իսկույն ուշադրություն չդարձնեն հափշտակության վրա, երբ արկղը բոլորովին դատարկված կգտնեն յուր հարստությունից։ Ես պատասխանեցի.

— Ես էլ կընտրեմ, ինչ որ ավելի թանկագին է։

— Այդ թողնում եմ քո ճաշակին, միայն թուղթ փողերին չի պիտի դիպչես։

— Որովհետև թուղթ փողը բանացնում են, մյուս օրը իսկույն կնկատեն, որ պակաս է։

— Դու խիստ հասկացող տղա ես, գառնուկս,— ասաց նա ձեռքով փաղաքշաբար իմ մեջքին զարկելով։ — Ահա քեզ երկու բանալիներ, որ շատ հեշտությամբ կբաց անեն երկաթյա արկղը։

— Եթե չբաց անեն, իմ դարբնության արհեստը այնտեղ պետք կգա...։

— Ոչ, կբաց անեն, քո արհեստը հարկավոր չի լինի։ Միայն պետք է զգուշանաս, որ արկղի վրա կամ բանալիների տեղում որևիցե խանգարմունք չպատճառես։

— Հասկանում եմ։ Հետո՞։

— Այդ գործը կկատարվի, որպես ասացի, երրորդ օրվա գիշերը։ Չորրորդ օրվա առավոտյան պահուն ես սնդուկը կվեր առնեմ հրեայի խանութից։

— Բայց ես նրա մեջ կմեռնեմ սովից։