Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դու կգտնես նրա մեջ բոլոր հարմարությունները, ինչ որ քեզ պետք կլինի։

Այդ միջոցին նա բաց արեց սնդուկը և ցույց տվեց նրա միջի պատրաստությունները։

— Ցերեկները,— ասաց նա, — դու պետք է անշարժ և լուռ մնաս քո դագաղի մեջ, որպես մի դիակ։ Իսկ գիշերները ազատ ես, կարող ես դուրս գալ, զվարճանալ, որքան կամենաս։ Խանութում ոչ ոք չի լինելու։ Նույն օրվա երեկոյան պահուն բեռնակիր սայլով խորհրդավոր սնդուկը տարավ սեղանավորի խանութը։ Նրա միջից ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

֊ Այդ ի՞նչ է, ռաբբի Շիմոն, — հարցրեց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը, այսինքն քավոր Պետրոսը, պատասխանեց.

— Բնակարանս ապահով տեղ չէ, Աբրաամ Իսայիչ, համարյա ամեն գիշեր գողություններ են պատահում։ Մի քանի բաներ դնել էի մեր այնտեղի սինագոգայի համար. շատ բաներ էլ նվիրեցին բարի մարդիկ, բոլորը, ինչ որ հավաքել եմ, դրել եմ այղ սնդուկի մեջ։ Վախենում եմ, չիցե թե մի դժբախտություն պատահի, և հազարով խեղճ իսրայելացիներ կզրկվեն այն օժանդակությունից, որ շնորհեցին մեր այստեղի եղբայրները։ — Մտածեցի սնդուկը ձեզ մոտ թողնել, Աբրաամ Իսայիչ, մինչև իմ գնալը։

— Լավ ես մտածել, ռաբբի Շիմոն,— ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը դնել յուր խանութում։ Հետո հարցրեց.

— Ե՞րբ եք կամենում գնալ, ռաբբի Շիմոն։ — Եթե աստված հաջողի, մի երկու կամ երեք օրից հետո։ Շատ ուշացա, Աբրաամ Իսայիչ։ Այնտեղի գործերս կատարող չկա. խեղճ ժողովուրդը մնացել է բոլորովին անտեր, անխնամ։ Պետք է շտապեմ, որ նրանց օգնություն հասցնեմ։

— Պետք է շտապել, ռաբբի Շիմոն, երբ որ այդպես է, — ասաց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը շնորհակալություն հայտնելով հեռացավ։ Այնուհետև ամեն օր գալիս էր նա սեղանավորի խանութը, և ամեն անդամ իմ դարանի միջից լսում էի նորանոր խոսակցություններ։

Երկրորդ օր։

— Ռաբբի Շիմոն,— հարցնում է սեղանավորը,— դեռ երկա՞ր պետք է սպասենք մեսիայի գալստյանը։

— Ժամանակը մոտեցել է։

— Ի՞նչպես կլինի մեր վիճակը, երբ նա կհայտնվի։