Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Սուրբ քաղաքը (Երուսաղեմը) կվերականգնվի յուր ավերակների միջից։ Իսրայելի ցրիվ եկած որդիները կհավաքվեն աշխարհի ամեն կողմից։ Ավետյաց երկիրը կրկին կծաղկի յուր հին փառքերով։ Մեսիան կտիրե ամբողջ տիեզերքին։ Եվ երկրի ամենահզոր թագավորները, մեկ գռեհիկ հրեայի փեշից բռնած, նրանից ողորմություն կխնդրեն։

— Իսկ ե՞րբ կհայտնվի մեսիան։

— Բոլոր հեթանոսները կդիմեն դեպի նա. բոլորը հրեա կդառնան։

— Ուրեմն այդ հեթանոսները, որ այժմ մեզ հալածում են, էլ չեն լինի։

— Արևի ծագելու տեղից մինչև նրա մուտքը կտիրե Մովսեսի սուրբ օրենքը։

Երրորդ օր։

— Ռաբբի Շիմոն, ինչո՞ւ ընկավ Երուսաղեմը։

— Իսրայելի որդիների մեղքերի պատճառով։ Նրանք օրենքը քանդեցին. Եհովայի փոխարեն կուռքեր պաշտեցին. օտարազգի կանանց հետ ամուսնանալով, պոռնկություն գործեցին. սուրբ տաճարի խնամատարությունը և քահանաների հարգանքը մոռացան, իրանց զոհերի, իրանց նվերների մեջ ժլատ գտնվեցան. այրի կնոջ հացը խլեցին և որբերի ժառանգությունը հափշտակեցին։ Այդ բոլորը տեսնելով, աստված բարկացավ նրանց վրա, սուրբ քաղաքը կործանեց և Իսրայելին գերության մատնեց։

— Այժմս էլ մենք միևնույնն ենք գործում, ուրիշի հացը խլում ենք, նրա որդիներին քաղցած ենք թողնում։

— Դա ներելի է, երբ գործը օտարազգիների հետ է, բայց մի իսրայելացուն թույլ տված չէ, յուր եղբորը հարստահարել։

— Ուրեմն օտարներին կարելի՞ է։

— Կարելի է։ Միթե չե՞ս հիշում Թովրաթի այն տեղը, երբ Մովսեսը մտածում էր Իսրայելը փարավոնների գերությունից ազատել և տանել նրանց իրանց հայրենի աշխարհը. նա խորհուրդ տվեց Իսրայելի կնիկներին, որ իրանց եգիպտացի հարևաններից արծաթյա և ոսկյա զարդեր փոխ առնեն, ասելով, թե ոչ այնքան հեռու մի տեղ ուխտ ենք գնում, երբ կվերադառնանք, կրկին հետ կտանք ձեզ։ Կնիկները կատարեցին այդ պատվերը և, եգիպտացիների հարստությունը իրանց հետ առնելով, անցան Կարմիր ծովը։

— Հիշում եմ Թովրաթի այն տեղը։ Բայց այդ խաբեբայություն չէ՞ր։