Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ոչ։ Եգիպտացիները շատ էին հարստահարել իսրայելացիներին, դրանք էլ փոխադարձաբար կողոպտեցին նրանց։ «Ակն ընդ ական» — դա օրենք է։

Չորրորդ օրվա առավոտյան պահուն խանութի դռանը կանգնեց մի սայլակ։

— Ռաբբի Շիմոն, այդ ի՞նչ է,— հարցրեց սեղանավորը։

— Գնում եմ, Աբրաամ Իսայիչ, եկա սնդուկը վեր առնելու և իմ շնորհակալությունը ձեզ հայտնելու։ — Մի՞թե այդպես շուտ, շատ ցավում եմ, ռաբբի Շիմոն։ Ես դեռ երկար հույս ունեի լսել ձեր բարի խրատները։

— Այո՛, գնում եմ, Աբրաամ Իսայիլ, Մովսեսի և Ահարոնի օրհնությունը ձեզ թողնելով։

— Թող Եհովան բարի ճանապարհ տա ձեզ,— ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը տեղավորել սայլակի վրա։

Ռաբբի Շիմոնը կրկին և կրկին օրհնեց Աբրաամ Իսայիչին. նրանք համբուրվեցան, բարեմաղթեցին միմյանց շատ օրեր, երկար կյանք և այլն։

— Ես մի հիշատակ պիտի թողնեմ ձեզ, Աբրաամ Իսայիլ, դուք շատ բարություններ արեցիք ինձ համար,— ասաց ռաբբի Շիմոնը և տվեց նրան մի բան։

Թե ի՞նչ էր այդ, ես, իհարկե, սնդուկի միջից տեսնեյ չէի կարող, միայն լսեցի, որ քավոր Պետրոսը ասաց նրան, թե այդ արծաթյա տուփի մեջ ամփոփված է «տապանակ ուխտի»-ի մի մասը, և տուփը ինչպես շինված է, պետք է այնպես անձեռնմխելի և առանց բացվելու մնա։

— Պահի՛ր քեզ մոտ,— ասաց նա,— և աստծո օրհնությունը պակաս չի լինի քո տանից։ Քո զավակները կծլեն, կծաղկեն, և քո հարստությունը ծովի ավազի չափ կլինի։

Սեղանավորը չգիտեր ինչով հայտներ յուր շնորհակալությունը, մանավանդ երբ լսեց, որ այդ տուփի շնորհիվ յուր հարստությունը ծովի ավազի չափ կլինի։ Ես չտեսա, թե ինչ տվեց նա քավոր Պետրոսին, միայն լսում էի նրանց գրկախառնության, նրանց համբույրների ձայնը, լսում էի նրանց փոխադարձ գոհունակությունների ջերմ արտահայտությունները։

Սայլակը շարժվեցավ։ Ես իմացա, որ նրանք բաժանվեցան։

Սայլակը, որ տանում էր քավոր Պետրոսի մթերքը, մեր սեփականն էր։ Ինքը քավոր Պետրոսը կառավարում էր ձիաները։ Նա