Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժվում էր շտապով և արագ կերպով։ Բայց դեպի ո՞ւր էր տանում, ես տեսնել չէի կարողանում, ես դեռ իմ դագաղի մեջն էի։

Մի քանի ժամից հետո քավոր Պետրոսը ինձ ձայն տվեց.

— Հիմա կարող ես գուրս գալ։

Սնդուկը պատրաստված էր ձեռնածուների սնդուկի նման, որի մեջ հեշտությամբ կարելի է մտնել և դուրս գալ առանց կողպեքը բաց անելու, առանց նրա խուփը բարձրացնելու։

Երբ դուրս եկա, նայում եմ իմ շուրջը, կեսօրից բավական անցել էր։ Գտնվում էինք մեծ ճանապարհի վրա, որը այդ միջոցին բոլորովին դատարկ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց ինձ՝ նստել յուր տեղը և կառավարել ձիաները։ Ես կատարեցի հրամանը, ասելով.

— Ես կմեռնեմ սովից, եթե մի բան չուտեմ, հենց այս գիշեր պաշարս սպառված էր։

— Փոքր֊ինչ առաջ գնանք, ճանապարհին կա մի իջևան, այնտեղ մի բան կգտնենք ուտելու։— Քշի՛ր, ձիաները շատ կամաց են գնում։

Ես հարցրի.

— Ի՞նչ պիտի անենք, եթե մեզ հետամուտ լինեն։

— Ոչ ոք հետամուտ չի լինի, — պատասխանեց նա հանդարտությամբ։— Ինձ հայտնի է, որ սեղանավորը այսօր զբաղված է մի դատաստանական գործով, նա խանութում չի մնա, ուրեմն և յուր արկղը չի բաց անի, որ նկատե, թե յուր հարստության հետ ի՞նչ է պատահել։ Իմ բաժանվելու ժամանակ նրան կանչեցին դատարանը։

Իջևանը այնքան մոտ չէր, որպես ցույց տվեց քավոր Պետրոսը։ Երեկոյան, արևը մտնելուց հետո, հազիվ կարողացանք հասնել։ Սայլակը պահեցինք ճանապարհի վրա, քավոր Պետրոսը ցած իջավ, իսկ ինձ պատվիրեց մնալ ձիաների մոտ։ Նա մտավ իջևանը, մի քանի րոպեից հետո վերադարձավ, յուր հետ բերելով մի շիշ արաղ, հաց, պանիր և տասն հատ ձվաներ։ Ուրիշ բան չէր գտել։ Նույն միջոցին իջևանի ծառաներից մեկը բերեց և գարի ձիանէրի համար։

— Այստե՞ղ եք կամենում կերակրել ձիաները,— հարցրեց նա։

— Ո՛չ, մենք պետք է շարունակենք ճանապարհը,— ասաց քավոր Պետրոսը։

Այդ բոլոր պաշարը մեզ հետ առնելով, սկսեցինք առաջ գնալ։ Երեք վերստաչափ հազիվ էինք հեռացել իջևանից, երբ քավոր Պետրոսը հրամայեց դուրս գալ մեծ ճանապարհից և շեղվել դեպի աջ։