Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միայն ես նկատեցի քավոր Պետրոսին, յուր սենյակի դռան առջև կանգնած, հեռվից ձեռքով կանչում էր ինձ.

— Իսկույն թեյ կտան,— ասաց նա,— շուտով խմիր, որովհետև ուրիշ տեղ եմ ուղարկելու քեզ։

Ներս մտա սենյակը։ Նստեցի նույն սնդուկի վրա, որ ամբողջ երեք օր իմ դագաղն էր եղած։ Քանի րոպեից հետո, թեյի մատուցարանը ձեռքում՝ ներս մտավ մի մանկահասակ, բայց սաստիկ կեղտոտ հագնված կին։ Նրա մի ժամանակ գեղեցիկ դեմքը այլանդակվել էր կարմիր բծերով, որ երևում էին երեսի վրա։

— Դա ո՞վ է,— դարձավ նա դեպի քավոր Պետրոսը, մի առանձին ուշադրությամբ իմ վրա նայելով։ — Իմ որդին է,— պատասխանեց քավոր Պետրոսը։

— Այդպիսի սիրուն որդի ունեիր և ինձանից թաքցնո՞ւմ էիր, ա՜խ, դու ծերուկ, անխիղճ ծերուկ,— բացականչեց նա և մոտեցավ ինձ. սկսեց փայփայել իմ մազերը։

— Լիզա, թո՛ղ տուր, լրբության ժամանակ չէ,— գոչեց քավոր Պետրոսը բարկությամբ։

Լիզան ինձ բաց թողեց, բայց քավոր Պետրոսին ավելի բարկացնելու համար ասաց.

— Հիմա կգնամ քեզ համար սպիտակ հաց և կարագ կբերեմ։ Ես կարծում էի, որ միայն ծերուկն է այստեղ, այդ պատճառով թեյի հետ ոչինչ չբերեցի նախաճաշելու։

Նա շտապով դուրս վազեց սենյակից։

Լիզայի հարաբերությունները քավոր Պետրոսի հետ բավական ընտանեկան էին թվում ինձ։ Երևում էր, որ նրանք վաղուց ճանաչում էին միմյանց։ Բայց քավոր Պետրոսը այդ կարծիքը ցրելու համար ասաց ինձ, որ նրա «վերնատունը փոքր-ինչ դատարկ է», այսինքն հիմար է, և այդ պատճառով իրան վայելուչ պահել չգիտե։

Բայց Լիզան այնքան հիմար չէր երևում, որպես կամենում էր ցույց տալ քավոր Պետրոսը։ Նա երևում էր այն տեսակ կնիկներից, որոնք վշտից և հուսահատությունից տանջված, աշխատում են իրանց սրտի ցավերը թմրեցնել արաղի շոգիներով։

Երբ վերջացրի իմ նախաճաշիկը, քավոր Պետրոսը ասաց.

— Դու ճանաչում ես հրեա սեղանավորի խանութը, կգնաս նրա մերձակայքում կպտտես և ինձ տեղեկություններ կբերես։ Ես գնացի, քավոր Պետրոսին թաքստի մեջ թողնելով, ինչպես