Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նա առաջ ինձ թաքստի մեջ էր պահում։ Ոչ սեղանավորը և ոչ մի այլ մարդ այդ քաղաքում ինձ չէր ճանաչում։ Քավոր Պետրոսի ենթադրությունը ուղիղ հայտնվեցավ։ Սեղանավորը առաջին օրը չէր հասկացել, թե ի՛նչ էր պատահել յուր արկղի հետ։ Որովհետև այսպիսի սեղանավորները, որոնք ոսկի, արծաթ և գոհարներ գրավ առնելով, փող են տոկոսով տալիս, սովորաբար միշտ վեճեր են ունենում գրավատերերի հետ, և հետևաբար շատ անգամ գործ են ունենում դատարանների հետ։ Այն օրը, որի գիշերը կատարվեցավ հայտնի գողությունը, սեղանավորը մի տիկնոջ գանգատով կանչված էր դատարանը։ Հրեան վաճառել էր տիկնոջ 5000 ռուբլի արժեք ունեցող օղամանյակը 1500 ռուբլի պարտքի փոխարեն։ Դատարանը գործը վճռել էր հօգուտ տիկնոջ։

Իսկ երկրորդ օրը, երբ ես գնացի քավոր Պետրոսի համար տեղեկություններ բերելու, գողությունը արդեն հայտնված էր։ Ոստիկանությունը քննություն էր անում և կազմում էր յուր տեղեկագիրը։ Խանութի դռները, կողպեքները, լուսամուտները գտան ամբողջ։ Երկաթյա արկղը նույնպես կոտրած չէր։ Ուրեմն ո՞րտեղից էր մտել գողը։ Ինքը հրեան նույնպես ցույց էր տալիս, որ նա յուր արկղը բոլորովին կողպված գտավ, և խանութի դռները փակված էին, երբ գործակատարները առավոտյան եկան բաց անելու։

— Ուրեմն սատանաներ պետք է մտած լինեն խանութը,— ծաղրում էին շատերը հրեային,— որովհետև սատանան կարող է անցնել փակ դռնից, պատի միջից, առանց հետք թողնելու։

Բազմության հետ հավաքված էին այնտեղ և գրավատերերից շատերը, նրանք աղաղակում էին.

— Սո՜ւտ է խոսում անիծված հրեան, սո՜ւտ է խոսում։ Նա ինքն է թաքցրել մեր իրեղենները, պատճառ բերելով, թե գողացել են։ Ո՞րտեղից մտավ գողը, ի՞նչպես դուրս եկավ։ Ինչո՞ւ արկղի միջի թուղթ փողերը չտարավ, միայն մեր իրեղենները տարավ։

Ոստիկանությունը հավանական գտավ կասկածը և կալանավորեց հրեային։ Հրեան, երևի մոռացել էր ռաբբի Սիմոնի սնդուկը և երևակայել անգամ չէր կարող, որ նրան տապանակ ուխտիի մեկ մասը ընծայող քահանան և նրա հարստությունը ծովի ավազների չափ բազմացնելու ցանկություն հայտնող քահանան կարող էր նրա արկղի հետ անբարեխղճաբար վարվել։

Մենք մի ամբողջ շաբաթ մնացինք Լիզայի մոտ։ Ես ամեն օր նոր տեղեկություններ էի բերում քավոր Պետրոսի համար։ Նա ցերեկները