Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա։ Եվ ինչպիսի՞ պատկերներ ասես չեն գալիս ու չեն գնում նրա աչքերի աոջևից...։

Հանկարծ միտքը սլանում է հեռո՜ւ և հեռո՜ւ, և օտարական պանդուխտը տեսնում է իրան յուր հայրենիքում... տեսնում է ծանոթ երեսներ... տեսնում է ծանոթ տեղեր... տեսնում է յուր մանկության սրբավայրը և ուրախանում է...։ Բոլորը հետզհետե անհետանում են։ Իսկ այն պատկերը, որ միշտ կից է եղել նրա սրտին, նա մնում է, նա երկար ժամանակ մնում է...։

Այդ իմ Սառայի պատկերն է...։

— Նազելի Սառա... որ՛քան մեծացել է նա... ո՛րքան գեղեցիկ է... ահա նա ժպտում է... ո՛րքան ուրախ է... ահա մոտ եկավ... ինչո՞ւ է գլուխը քաշ գցել... երևի ամաչում է... տե՛ս, կարմրեց...։— Սիրելի Սառա, մի՛ վախիր... ես քո Մուրադն եմ... գրկիր ինձ... համբուրիր ինձ... ա՜խ, ինչո՞ւ ես փախչում... Սառա ջան... իմ Սառա...։

Վերջին խոսքերը այնպիսի բարձր ձայնով արտասանեցի ես, որ քավոր Պետրոսը յուր քնից զարթնեց։

— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել,— գոչեց նա շփոթվելով։

— Ոչինչ,— պատասխանեցի ես փոքր-ինչ հուշի գալով։

Նա կրկին աչքերը խփեց, քնեց։

Քավոր Պետրոսի խռովությունը առանց պատճառի չէր։ Ես ամբողջ գիշեր անցուցել էի զառանցության մեջ։ Մի կողմից անքնությունը, մյուս կողմից սայլակի անդադար օրորվիլը այն աստիճան գրգռել էին իմ ուղեղը, ես ընկել էի հալուցինասիոնների մեջ...։

Այդ ինձ հետ շատ անգամ էր պատահում։ Բայց երբեք չէր պատահել, որ ես ինձ բոլորովին մոռանայի։ Երբեմն, ամբողջ ժամերով, բոլորովին քնած գրության մեջ, ես կառավարում էի ձիաները, բայց գեթ մի անգամ չէր պատահել, որ կա՛մ մտրակը, կա՛մ երասանակները իմ ձեռքից ցած ընկնեին։ Ես իմ կիսաքուն դրության մեջ՝ մինչև անգամ հետևում էի ճանապարհի ուղղությանը, նկատում էի կամուրջները, զգուշանում էի զառիվայրներից և սայլակը վտանգի չէի ենթարկում։ Իսկ այս անգամ ինձ այն աստիճան մոռացել էի, որ ձիաներին իրանց կամքին էի թողել և բոլորովին շեղվել էինք ուղիղ ճանապարհից։ Այդ նկատելի եղավ այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և արևելքը սկսեց շառագունել։

— Այդ ճանապարհը սատանան գիտե թե ո՛ւր է տանում,— ասաց քավոր Պետրոսը, երբ զարթնելով սկսեց նայել յուր շուրջը։- Մենք մոլորվել ենք...: