Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ամեն տեղ այսպես է, պարոն,— մեջ մտավ ծերունի տան տերը,— ամեն խրճիթում հիվանդներ կգտնեք։

Ամառվա եղանակը և լուսնկա գիշերը նպաստեցին մեզ իջևանելու բակում, դատարկ ախոռատան հանդեպ։ Այստեղ հիվանդներ չկային, որովհետև և շնչավորներ չկային։

— Սամովար կգտնվի՞,— հարցրի ես տան տերից։

— Սամովա՞ր,— կրկնեց թավամորուս տան տերը ծոծրակը քորելով։

— Այո՛ սամովար։

Ռուս մուժիկին մի բան հասկացնելու համար պետք է տասն անգամ կրկնել։

— Սամովար եթե գտնվի, պարոն, պետք է տերտերի տանը գտնվի։— Մենք էլ առաջվա ժամանակներում ունեինք, պարոն, բայց մեր մեղքից ոչինչ չմնաց, բոլորը ծախվեցավ...։

— Ինչո՞ւ ծախվեցավ։

— Ծախեցինք կերանք, պարոն։ Մեր մեղքերի համար աստված պատիժ ուղարկեց սովը։ Ոչինչ չկար ուտելու։

— Իսկ հիմա՞։

— Հիմա ավելի վատ է. սովի հետ ավելացավ և հիվանդությունը։

Ես ընդհատեցի տխուր խոսակցությունը և կրկին հիշեցրի նրան սամովարը։

— Օլյա,— ձայն տվեց նա իր փոքրիկ թոռնիկին,— վազի՛ր տեր հոր տունը, ասա, որ մեզ մոտ պարոններ եկան, թող փոխ տա մեզ սամովարը։

Եվ իրավ, նրա խրճիթում ոչինչ չէր մնացել․ կա'մ առաջուց չէր ունեցել, կամ ունեցածը վաճառել էր։ Մի հասարակ սեղան, որի երեսի վրա սև փոսիկներ էին կազմվել սամովարի տակից ընկած կրակներից, մի քանի հատ կոտրած տաբուրետկաներ, մի հատ արույրե կաթսա, հնոցի մոտ դրած, որի մեջ վաղուց կերակուր չէր եփվել, մի քանի փայտյա գդալներ, մի քանի անկոթ դանակներ, առանց պատառաքաղների,— եթե ավելացնենք դրանց վրա երկաթյա անթրոցը (кочерга), կստանանք կարասիների ամբողջ թիվը։

Միակ առարկան, որ մնացել էր յուր տեղում անշարժ, որին սովի բոլոր սաստկությունը չէր կարողացել ստիպել վաճառելու, աստվածամոր պատկերն էր, փոքրիկ Հիսուսը գրկում, որ դրված էր խրճիթի մի անկյունում։ Մուժիկը նրանից չէր բաժանվում, մուժիկը ամեն բան նրանից էր սպասում և նրա համար էր զոհում։