Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնեց զանազան նկարներով գրելու թղթեր, զանազան տեսակ նույնպես նախշուն ծրարներ, որոնցով միայն սիրահարական նամակներ են գրում օրիորդները սիրուն տղաներին։

Բայց դաշնամուրի գնելը նրանք թողին մյուս օրվան, որովհետև կեսօրից երկու ժամ արդեն անցել էր։

Նրանք դարձան տուն, մի քանի թեթև բան առնելով իրանց հետ կառքի մեջ, մնացածը թողնելով, որ Քիտեսը տուն բերե։

Օրիորդ Սոֆին գտնվում էր յուր հոգու զվարճալի դրության մեջ։

Գալով տուն, նա գրկեց յուր մորը և շնորհակալություն հայտնեց։

— Այսուհետև, մայրիկ, ես այլևս չեմ տխրիլ,— ասաց նա։ — Միայն մեր գնած իրեղենները մեր այժմյան կացարանին ինքդ կվկայես, խիստ անհարմար են։

— Այդ մասին դու անհո′գ կաց, սիրելիս,— պատասխանեց մայրը։— Ես այդ ևս կկարգադրեմ։

Եվ նույն րոպեին տիկին Բարբարեն իրանց տան վերի հարկի կեցողներին մի տոմսակ գրեց, որ նրանք մինչև առաջիկա շաբաթ օրը բոլոր սենյակները դատարկեն, հակառակ դեպքում նրանց դուրս կանեն ոստիկանության միջոցով։

Որովհետև կեցողները պայմանյալ ժամանակով չէին վարձած իրանց կացարանը, այդ պատճառով ընդունեցին տանտիկնոջ պատվերը։

Քիտեսը յուր հետ բերեց բեռնավորված մշակների մի ամբողջ կարավան, և Ճանճուր Իվանիչի տան ներքին սենյակները լցվեցան բազմաթիվ խայտաճամուկ իրեղեններով։

Լիզան յուր սովորական մելամաղձական լռությամբ, իսկ Ելենան յուր բնական մշտազվարճ դեմքով նայում էին նրանց համար խիստ զարանալի իրեղենների վրա։ Օրիորդ Սոֆին ինքն էր տեղավորում նրանց։ Տիկին Բարբարեն կանգնած նայում էր յուր դստեր գործունեությանը։

Բայց փոքրիկ Ելենան դիմեց նրան այսպիսի հարցով․

— Մայրի′կ, այդ բոլորը ո՞ւմն են։

— Սոֆիինը,— պատասխանեց տիկին Բարբարեն ծիծաղելով։

— Հապա ի՞նձ,— հարցրեց վշտանալով աղջիկը։

— Դու ի՞նչ ես ուզում։

— Մի հատ նոր խրծիկ,— պատասխանեց Ելենան յուր սիրուն գլուխը շարժելով։

— Չէ՞ որ դու արդեն խրծիկ ունիս։