Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քավոր Պետրոսը այս գիշեր լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա նստած էր մեր սնդուկներից մեկի վրա և ծխում էր։ Խիստ հազիվ անգամ էր պատահում, որ նա ծխեր, բայց երբ որ ծխում էր, դա արդեն նշան էր կա՛մ սաստիկ ուրախության և կա՛մ սաստիկ տրտմության։ Վերջինն այս գիշեր ավելի հավանական էր։ Շրջապատող թշվառությունները դառն տպավորություն էին գործել նրա զգայուն սրտի վրա։

Օլյան վերադարձավ սամովարը յուր հետ բերելով, բայց սամովարի հետ եկավ և տեր հայրը, երևի նրա համար, որ լսել էր, թե հյուրերը «պարոններ» են և ոչ հասարակ մարդիկ։ Քավոր Պետրոսը քաղաքավարությամբ ընդունեց նրան։

Քահանան հայտնվեցավ բավական բարեկիրթ մարդ, որպիսիները խիստ հազիվ են պատահում գյուղերում։ Լսելով, որ մենք «պարոններ» ենք, նա կարծել էր, թե գուցե պաշտոնական անձինք ենք, եկել էր հայտնելու մի սարսափելի դեպք։ Մի սովատանջ կին, քաղցածության կատաղության մեջ, սպանել էր յուր երեխային, ուտելու փորձ էր արել...»

Քավոր Պետրոսը զարհուրեցավ։ Ինձ վրա ևս խիստ սոսկալի տպավորություն գործեց այդ լուրը։

— Մի՞թե այս աստիճան սաստկացե՞լ է սովը,— հարցրեց քավոր Պետրոսը։

— Մարդիկ այժմ համարյա ոչինչ չեն գտնում ուտելու,— պատասխանեց քահանան, — կերակրվում են բանջարեղենով, խոտերով, արմատներով և դեռ չհասունացած ցորենի հասկերով,— իսկ դրտնք ավելի շուտով են սպանում նրանց, որովհետև հիվանդանում են ու մեռնում են։

— Շա՞տ է մեռնողների թիվը։

— Շատ է։ Գյուղի բնակիչների համարյա կեսը չէ մնացել։ Տիֆը ավելի մեծ կոտորած է անում, քան թե քաղցածությունը։ Մնացածներից շատերը հիվանդ են։

— Գյուղական հասարակությունը ոչինչ հնարների վրա չէ՞ մտածում։

— Գյուղական հասարակությունը ի՞նչ կարող է անել։ Սպասում են կառավարությունից հաց և բժիշկ ստանալ։ Մեզ խոստացել են։

— Շուտո՞վ կստացվի։

— Աստված գիտե։ Դեռ պետք է քննեն, դեռ պետք է տեղեկանան,