Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թև ո՛ր աստիճան օգնության կարոտ է մեր դրությունը, որ հետո օգնեն։

— Դուք ձեր գրության մասին տեղեկություններ չե՞ք տվել։

— Ի՞նչպես չենք տվել․ մի քանի անգամ խնդիրներ ենք մատուցել, բայց դեռ խնդիրները չեն քննվել։

— Հաց ամենևին չէ՞ մնացել։

— Զեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է. ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեինք։

— Իսկ մերձակա քաղաքում հաց գտնվո՞ւմ է։

— Գտնվում է, բայց գյուղացիների մոտ միջոցներ չեն մնացել բերել տալու համար։ Տխրության մռայլը պատեց քավոր Պետրոսի դեմքը, մի քանի րոպե մնաց լուռ մտածության մեջ, հետո նա դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Խնդրեմ, նեղություն հանձն առեք, տեր հայր, ես կամենում եմ անձամբ տեսնել մի քանի խրճիթներ, առաջնորդեցեք ինձ։

— Մեծ ուրախությամբ,— ասաց քահանան և վեր կացավ։

Նրանք գնացին։ Մեր հյուրընկալը վազեց գյուղի տանուտերին իմաց տալու, թե աստիճանավոր է եկել։ Քավոր Պետրոսի այցելությանը տալիս էին պաշտոնական նշանակություն։ Ես և փոքրիկ Օլյան մնացինք մենակ. պտտվում էինք սամովարի շուրջը, հոգս էինք տանում թեյի պատրաստության համար։

— Այսօր ի՞նչ ես կերել, Օլյա։

— Այն օրից, որ մայրս մեռավ, ես հաց չեմ կերել։

— Շատ ժամանա՞կ է, որ մայրդ մեռավ։

— Երկու շաբաթ է։— Հետո Սաշան մեռավ, հետո Միտկան մեռավ... երեկ թաղեցինք փոքրիկ Վերային...։

Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել, նա սկսեց հեկեկալ։

— Գիտե՞ս, Վերան իմ քույրն է,— ասաց նա արտասվախառն ձայնով։

Ես տվեցի Օլյային մի կտոր երշիկ և խնդրեցի, որ ուտե։ Խեղճ աղջիկը աոաջին անգամ տեսնում էր մի այսպիսի բան։

— Այդ ի՞նչ է,— հարցրեց նա։

— Եփած միս է։

նա չկերավ, թեև մոր մեռնելուց հետո հաց չէր կերել, այլ վազեց մտավ խրճիթը, երևի, հիվանդներից մեկին ուտացնելու համար։