Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ հարկավոր չէ, տեր հայր, ես ձեզ բոլորովին հավատում եմ։

Քավոր Պետրոսը մինչև անգամ չհայտներ նրանց յուր անունը, թեև շատ խնդրեցին, և հանգստացրեց քահանային Ավետարանի խոսքերով, թե բարեգործությունները պետք է ծածուկ կատարվեն և միայն աստված պիտի գիտենա։

Հետո դարձավ նա դեպի ինձ և ներկա գտնվողներին անհասկանալի լեզվով ասաց.

— Պատրաստվիր, որ շուտով ճանապարհ ընկնենք, այս գյուղը մնալու տեղ չէ։

Քավոր Պետրոսը յուր ձեռքով մխիթարեց այն գյուղացու դժբախտությունը, որի տանը հյուրասիրվեցանք մենք։ Քառորդ ժամից հետո մեր սայլակը արդեն գտնվում էր ճանապարհի վրա։

Սպահանցի քահանային եկեղեցու շինության համար հանգանակած գումարից հետո, քավոր Պետրոսի այդ երկրորդ բարեգործական վարմունքը ինձ ավելի զարմացնում էր։—Զարմանում եմ գլխավորապես այն պատճառով, որ եկեղեցու շինության գործում նրան թելադրում էր հավատը, կրոնի զգացմունքը և վերջապես ազգային նախանձախնդրությունը։ Իսկ այստեղ ի՞նչ կար, որ զարթնեցներ նրա կարեկցությունը: Մի՞թե մի ամբողջ սովատանջ բազմության թշվառությունը կարող էր ազդել նրա քարացած սրտի վրա։

Այդ խորհրդածությունները զբաղեցնում էին իմ միտքը, երբ մեր սայլակը դանդաղ կերպով առաջ էր գնում։ Ձիաները, ամբողջ օրը չարչարված լինելով, չէինք կամենում ավելի հոգնեցնել նրանց։ Այդ միջոց էր տալիս ինձ քավոր Պետրոսից բացատրություններ խնդրելու։

— Բարեգործությունը լա՞վ բան է,— հարցրի նրանից։

— Ես չեմ հասկանում` ի՞նչը առիթ տվեց քեզ հանկարծ մի այսպիսի հարց առաջարկել ինձ։

— Ինձ առիթ տվեց ձեր այսօրվա վարմունքը։

— Լավ բան է։

— Ուրեմն մենք ինչո՞ւ ենք խաբում, կողոպտում, սպանում և ամեն տեսակ եղեռնագործություններից հետ չենք մնում։

— Մենք կողոպտում ենք ժլատ հարուստներին։ Իսկ աղքատներին պետք է օգնել։

Գիշերային լռության պահուն, անապատի մեջ, ճանապարհի վրա, առանձնացած մի խստասիրտ մարդու հետ, այս տեսակ վիճաբանությունը