Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ը

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Անցել էր ավելի քան մի ամիս այն օրից, որ մենք թողեցինք հրեա սեղանավորի գտնված քաղաքը։

Շատ երկար կլիներ, եթե մանրամասնաբար նկարագրեի մեր ամբողջ ճանապարհորդությունը։ Իմ հիշատակարանի այս գլուխը ես կիսով չափ համառոտում եմ, — համառոտում եմ, որովհետև շտապում եմ ծանոթացնել ընթերցողին մի նոր դեպքի հետ, որը իմ սրտին շատ մոտ է...։

Կարճ կասեմ. անցնելով զանազան գավառներից և փոքրիկ քաղաքներից, մենք արդեն գտնվում էինք կայսրության հարավային գավառում, Սև ծովի եզերքի մոտ։ Բնությունը այստեղ փոխվեցավ անապատներից ազատվեցանք, երկիրը ավելի լեռնային էր։

Ամառային գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Մեր ճանապարհը գնում էր նեղ ձորի միջով, որ պատած էր խիտ անտառներով։ Ճանապարհի մեկ կողքով զուգընթաց կերպով ձգվում էր խորին անդունդ, որի հատակում հազիվ նշմարվում էր լեռնային գետակը։ Իսկ ճանապարհի մյուս կողքին բարձրանում էին ապառաժներ, որ ծածկված էին ծառերով։

Ինձ հայտնի չէր, թե ո՞ւր էր տանում այդ ճանապարհը, կամ ի՞նչ էինք որոնում այդ վայրենի, համարյա անմարդաբնակ լեռների մեջ։ Ես միայն հիացած էի բնության գեղեցկություններով։ Երբեմն ես լսում էի առվակների խոխոջմունքը, որոնք թաքուն վազում էին թփերի միջով, երբեմն տեսնում էի նրանց ջրվեժը, որ նոր ծագող արեգակի առաջին ճառագայթներից ծիածանի նման կամար էին կապում կանաչազարդ լեռան վրա։ Տեղ-տեղ հանդիպում էին հին ամրոցների ավերակներ, որ մնացել էին թաթարների տիրապետության ժամանակներից։ Կրկնում եմ, որ ես ամենևին տեղեկություն չունեի, թե ի՛նչ նպատակով էինք ճանապարհորդում։ Միայն քավոր Պետրոսը մի