Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան որոնում էր այն լեռների մեջ. նա շտապում էր, որքան կարելի է, շուտով հասնել ծովի ափերին։

Մինչև կեսօր մենք գնում էինք միևնույն նեղ ճանապարհով, որ երկու կողմից սեղմված էր ծառերով։ Բայց դեռ ոչ մի բնակության չէինք հանդիպել և ոչ մի մարդու երես չէինք տեսել։ Շարունակել ուղին՝ անհնարին էր, որովհետև ձիաները սաստիկ հոգնած էին։ Պետք էր փոքր-ինչ հանգստանալ։ Մենք կանգնեցրինք սայլակը մի տեղում, ուր ձորի միջով անցնող գետակը ավելի բարձրից էր հոսում, և ջուրը բոլորովին մատչելի էր։ Իմ առաջին հոգսը եղավ ձիաները ջրել և նրանց կեր տալ։ Հետո սկսեցինք հագեցնել և մեր քաղցը։

Ճաշելուց հետո քավոր Պետրոսը նստած էր մի ծառի հովանու ներքո և լուռ մտախոհության մեջ էր գտնվում։ Սատանան գիտե, թե ի՛նչ էր մտածում նա։ Նրա այս տեսակ լռությունը միշտ նախագուշակում էր մոտալուտ փոթորիկ։ Ես ձանձրացա և մտա անտառը փոքր֊ինչ ծառերի մեջ ման գալու համար։

— Հեռու չգնաս,— զգուշացրեց նա։ — Ինչո՞ւ։

— Այս տեղերը խիստ երկյուղալի տեղեր են։

— Ես ինձ հետ կվեր առնեմ տապարս։

Այս զենքը իմ մարմնի անբաժանելի անդամներից մեկն էր։ Զարմանալի բան է, լինում են այնպիսի րոպեներ, երր հասակ առած մարդն անգամ երեխա է դառնում։ Իմ մանկության զվարճությունները միտս եկան. սկսեցի քաղել և ուտել վայրենի պտուղներ։ Նրանք անզգալի կերպով հրապուրում էին ինձ ավելի հեռու և հեռու դեպի անտառի խորքը։ Ես բոլորովին մոռացա քավոր Պետրոսի պատվերը։

Հանկարծ իմ ականջին զարկեց մի ձայն. նա ավելի նման էր խուլ հառաչանքի։ Ես մոտեցա։ Զայնը կրկնվեցավ։ Պարզ որոշեցի, դա կանացի ձայն էր, որ լսելի էր լինում ոչ այնքան հեռվից։ Ես թաքնվեցա թուփերի մեջ և այնտեղից սկսեցի դիտել։ Ի՞նչ եմ տեսնում.— մեկ մանկահասակ աղջիկ, չոքած գետնի վրա, գրկել էր մի տղամարդի ոտքերը, աղաչում էր, պաատում էր խնայել յուր կյանքին։ Տղամարդը կանգնած, բռնել էր նրա մազերից, և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր սպանել։ Հենց որ նա սուրը բարձրացրեց, ես կայծակի արագությամբ վրա հասա։ Իմ հասնելը և տապարիս զարկը կատարվեցավ միևնույն րոպեում։ Նա ընկավ գետնի վրա։