Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես Նենեին թողեցի սայլակի մոտ և շտապեցի դեպի քավոր Պետրոսը։

— Այդ ի՞նչ բան է,— հարցրեց նա այժմ խիստ սառն կերպով։

Ես առանց մի բան թաքցնելու պատմեցի նրան անտառում պատահած անցքը, պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի Նենեից։ Նա հետաքրքրությամբ լսում էր։ Ես կարծում էի, որ նա կհանդիմաներ ինձ իմ գործած աննպատակ սպանության համար, որի մեջ շահեկան կամ օգտավետ ոչինչ չկար։ Բայց նա գտավ դրա մեջ մի շահ։

— Պետք է օգուտ քաղել այդ դեպքից,— ասաց նա, երբ ես վերջացրի աղետալի պատմությունը։

— Որպե՞ս։

— Այդ մարդիկը մեզ հարկավոր են…

— Ինչո՞վ։

— Աղջիկը չասա՞ց քեզ, թե նրանք շինում են կեղծ թղթադրամներ։

— Ասաց։

— Այդ բավական է։

Նա էլ չխոսեց, հրամայեց իսկույն լծել ձիաները։ Երբ սայլակը պատրաստ էր, ես հարցրի.

— Ի՞նչ պետք է անել այդ աղջկա հետ։

— Վե՛ր առ մեզ հետ։ Մենք պետք է առանձնանանք այդ անտառի մեջ մի ապահով տեղում, մինչև կստուգեինք, թե ո՛վքեր են այդ մարդիկը։ Քշի՛ր դեպի ձախ։

Արևը արդեն խոնարհվում էր դեպի յուր մուտքը, երբ մենք մտանք մի ձոր, որ գոգավորվելով, կազմում էր մի նեղ ծոց անտառապատ լեոների մեջ։ Այստեղ իջևանեցինք։

Նենեն լուռ էր և տխուր։ Կարծես թե խեղճ աղջիկը մտածում էր, թե ավազակի ձեռքից ազատվելուց հետո, կրկին ո՛րպիսի վիճակի ենթարկեց նրան դառն ճակատագիրը, կրկին ո՛րպիսի մարդկանց ձեռքը ձգեց։ Բայց նա դրա վրա չէր մտածում, նա քաղցած էր. նա մի քանի օր ոչինչ չէր կերել և սովից նվաղել էր։ Ես իսկույն տվեցի նրան մի բան ուտելու, նա կազդուրվեցավ և ժպիտը երեսին ասաց.

— Դուք լավ մարդիկ եք, ես ձեզ մոտ կմնամ՝ դուք ինձ չեք սպանի։

Երբ մութը բոլորովին պատեց, քավոր Պետրոսն ասաց ինձ.

— Մուրադ, այդ աղջիկր ճանաչում է ավազակների բնակարանը,