Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ′, մայրիկ, նա լավը չէ,— կրկնեց դժգոհելով փոքրիկ աղջիկը։ — Նրա աչքերը կապույտ են, մազերը դեղին, ես չեմ սիրում։ Ինձ համար առեք մի այնպիսի խրծիկ, որ Սոֆիի նման սև աչքեր և սև մազեր ունենա։

— Չէ՞ որ քո աչքերն էլ կապույտ են և քո մազերը դեղնագույն,— կրկնեց մայրը։

— Իմ աչքերը կապույտ են, իրավ է, բայց մեր Թինան ասում է, թե հետո կսևանան, Սոֆիի աչքերի նման կդառնան։

Տիկին Բարբարեն ծիծաղեց փոքրիկ դստեր պարզ մտքի վրա։

— Բայց չե′ս ուզի, որ Լիզի աչքերի պես լինին,— հարցրեց մայրը։

— Չէ, չեմ ուզում, ես Լիզի աչքերից վախենում եմ։

Իսկ Լիզան մի կողմնակի հայացք ձգեց քրոջ երեսին, և արդարև նրա աչքերը նույն րոպեին սարսափելի էին։

Մայրը սաստեց յուր երեխին, որ այդպես չխոսի քրոջ վրա և խոստացավ նրա համար գդնել մի խրծիկ՝ սև աչքերով և սև մազերով։

Ելենան դուրս վազեց հայտնելու յուր մոր խոստմունքը իրանց դրացու աղջկան՝ փոքրիկ Օլինկային։

Ը

Օրը կյուրակե էր։

Հացի—Գելենց տների վերին հարկում, ընդարձակ, բավական ճաշակով զարդարված դահլիճի մեջ օրիորդ Սոֆին հոտավետ յուղերով օծված՝ կանգնել էր մեծ հայելու առջև, ֆրանսուհի կար անող կինը հագցնում էր և ուղղում նոր զգեստները։

Նրա մայրը և քույրերը ուրախությամբ նայում էին վրա։

Երբ օրիորդը բոլորովին հագնվեցավ, երկու անգամ անցուդարձ արավ դահլիճի մեջ, հրճվելով նայեց յուր վրա հայելու մեջ, և ապա հարցրեց ֆրանսուհուց՝ նրա մայրենի լեզվով․

— Ի՞նչպես է։

— Խիստ հարմար է, օրիորդ,— պատասխանեց կար անողը։

— Խիստ հարմար է,— նույնպես կրկնեց տիկին Բարբարեն։

Օրիորդն այդ լսելով ավելի ուրախացավ, ժպտաց և դարձյալ կանգ առավ հայելու առջև, և մի փոքր ևս յուր հագուստով հրճվելուց հետո, նա մոտեցավ յուր մորը և նրա ձեռքը համբուրեց ու շնորհակալություն հայտնեց։