Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը յուր սրտի բոլոր ջերմությամբ երախտամատույց էր լինում ինձ, որպես յուր կյանքի ազատչի, մի օր կլիներ իմ փրկության հրեշտակը…։

— Ա՜, ո՛րքան հիմար եմ ես,— խոսեց նա հանկարծ մտաբերելով,— ես մինչև հիմա չեմ հարցրել, թե ի՞նչպես է քո անունը։

— Մուրադ։

— Մուրա՜դ, ի՜նչ գեղեցիկ անուն է,— ի՜նչպես հեշտ արտասանվում է։

Մահվան երկյուղը այնքան տիրել էր խեղճ աղջկա սրտին, որ նա ամեն անգամ, երբ մտաբերում էր յուր հետ կատարված անցքը, հարցնում էր։

— Մուրադ, դու ինձ չես սպանի, այդպես չէ՞։

— Ես քեզ իմ հոգու պես կպահեմ։

Նա նայեց իմ երեսին և նրա աչքերը վառվեցան ուրախության բոցով։ Նա գոհ էր. նա ապահով էր։ Անտեր, անխնամ, թափառաշրջիկ, բախտի կյանքին թողած որբիկը այժմ մի պաշտպան ուներ։

Անտառի խորքից նշմարվեցավ ճրագի աղոտ լույս։

— Տե՛ս, այնտեղ են...,— ցույց տվեց Նենեն։

Շավիղը, որ տանում էր դեպի այդ կողմը, բոլորովին անհետացավ մացառների մեջ։ Մենք դժվարությամբ կարողանում էինք առաջ գնալ։ Նենեի առանց դրան ևս քրքրված հագուստը, բռնելով փշոտ թփերից, պատառոտվում էր։

— Դու այստեղ կսպասես, մինչև ես կվերադառնամ։

— Ո՞ւր ես գնում,— հարցրեց Նենեն դողդոջուն ձայնով։

— Այնտեղ, որտեղից երևում է ճրագի լույսը։

— Ա՜խ, մի՛ գնացեք այնտեղ... մի՛ մտեք նրանց մոտ...։

Նրան միամտացրի, ասելով, թե պետք է հեռվից միայն նայեմ նրանց բնակարանին, և այնքան գաղտնի կերպով, որ ինձ տեսնել չեն կարող։ Նա հանգստացավ։ Երևում էր, որ Նենեն այնքան երկչոտ չէր, որքան ես կարծում էի։ Նա մտածում էր իմ մասին, չիցև թե վտանգի հանդիպեի։ Խե՜ղճ աղջիկ, այն ինչ զգացմունք էր, որ զարթեցրեց նրա մեջ մի այդպիսի կարեկցություն դեպի ինձ։

Նա մնաց թուփերի մեջ, ասելով, թե հեռվից կդիտե ինձ։ Ես ուղղեցի իմ ընթացքը դեպի այն կողմը, ուսկից նշմարվում էր լույսը։ Քառորդ ժամից հետո երևաց մի խրճիթ, որ թաքնված էր ծառերի ու պատատուկների մեջ։ Ամենայն զգուշությամբ, առանց մի թեթև շշուկ անգամ հանելու, մոտեցա։ Նշմարվող լույսը դուրս էր ցոլանում միակ պատուհանից, որ շատ բարձր չէր զետնի մակերևույթից։