Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրը նույնպես գրկեց յուր դստերը, շնորհավորեց նրա հագուսը, «բարով մաշես» ասաց և մաղթեց նրա համար բախտավորություն։

Կար անող կինը հեռացավ։

Ժամը տասն էր։

Օրիորդ Սոֆին խնդրեց մորից՝ կառքով գնալ մի փոքր զբոսնելու։

Նա ցանկանում էր յուր նոր հագուստով այն օրը երևալ քաղաքի հասարակությանը։

Քառորդ ժամից հետո փառավոր կառքը կանգնած էր դռանը։

Նրանք նստեցին։ Կառքը սահեցավ։

Երկու անգամ նրանք պտույտ արին Գոլովինսկի պրոսպեկտով, հետո դիմեցին դեպի Մուշտայիդ։

— Այդ ի՞նչ ապրանք է,— հարցրեց յուր ընկերից ռուսերեն մի հայ երիտասարդ, բուլվարի վրայից ցույց տալով օրիորդ Սոֆիին։

— Ապրանքը արդեն հիանալի է․․․ բոլորովին նոր և թարմ․․․ բայց ափսոս որ վաճառողը հրեա է․․․— պատասխանեց մյուս երտասարդը նույն լեզվով, մատներով իր նորաբույս ընչացքի հետ խաղալով։

— Ո՞վ է այդ։

— Հացի—Գելենց Ճանճուր Իվանիչը։

— Ափսո՜ս,— կրկնեց առաջինը։ — Խանութն անմատչելի է:

— Այդ ոչինչ,— պատասխանեց երկրորդը։ — Այդ աղջիկն ինքը ճանապարհ կտա հաճախորդներին։

— Այո′,— ասաց առաջինը՝ համոզվելով ընկերի խոսքերից․— դա ևս կընտելանա մեր աշխարհի պիտույքներին, թեև այժմ անհամբույր է նա իբրև վայրենի եղջերու։

Նրանք զբոսանքից դարձան տուն երկու ժամին։ Ճանճուր Իվանիչի գնալուց հետո Հացի—Գելենց տանը զարմանալի փոփոխություններ եղան, որոնք խիստ ազդու ներգործություն ունեցան օրիորդ Սոֆիի ներկա և ապագա կյանքի վրա։ Նրանց կացարանն ընդունեց կատարյալ գեղաճաշակ կերպարանք։ Ճաշի և ընթրիքի սեղանը օրըստօրե ճոխանում էր եվրոպական խոհարարի նուրբ և համադամ խորտիկներով։ Ծառաների թվին ավելացավ և մի մանկահասակ սպասավոր, կարճ ֆրակով, սպիտակ ձեռնոցներով և ճռճռան կոշիկներով, յուղած և կոկած գլխի մազերով և բավական ախորժելի դեմքով։ Աղախինների թվին ավելացավ և մի մանուկ