Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/461

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ


Ա

ՆՈՐ ՇՐՋԱՆ

Մի քանի րոպեից հետո սայլակը պատրաստ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց քշել դեպի խաչագողների բնակարանը։ Նա լուռ էր, ինչպես առհասարակ լինում էր, երբ պատրաստվում էր սկսել մի նոր ձեռնարկություն։ Ես նույնպես լուռ էի, բայց ես ոչինչ ձեռնարկության մասին չէի մտածում. իմ միտքը գրավել էր գեղեցիկ Նենեն։

Խաչագողների բնակարանը ցերեկով բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Թաքնված պատատուկ բույսերի մեջ, հովանավորված դարևոր ծառերով, նա ավելի նմանում էր գազանների որջին, որ գտնվում է ժայռերի խոռոչների մեջ։ Նրա շուրջը ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները։ Անծանոթ մարդը հազիվ կարող էր գուշակել, թե այդ գետնափոր որջի մեջ բնակվում էին մարդիկ։ Բայց ծուխը, այդ մարդկային բնակության ազդարար նշանը, միայն խուլ թփերի միջից մխացող ծուխը հիշեցնում էր, թե այդ ծառախիտ անտառների կարևոր լռության մեջ ես տիրում էր մարդու շունչը։

Բայց ի՞նչ ծուխ էր այդ։ Ծուխը բարձրանում էր զանազան կետերից։ Ձորի մեջ զանազան տեղերում ինչ-որ այրվում էր։ Եվ բարձրացած ծուխը, միախառնվելով, կազմում էր թանձր, թխագույն մառախուղ ամբողջ ձորի վրա։— Այստեղ ածուխ էին պատրաստում։