Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերով ես տեսա խաչագողներին թվով ավելի շատ, իսկ այժմ երեք հոգի միայն գտանք նրանց բնակարանում։ Նրանցից մեկը նստած կարկատում էր ջորիների փալաններ և ձիաների մաշված սարքը, մյուսը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան, իսկ երրորդը դեռ քնած էր։

Խրճիթը ներսից բոլորովին նման էր ածխագործների տնակին, որ գտնվում է անտառների մեջ։ Այստեղ և այնտեղ ածած էին մրոտած տոպրակներ, փայտ կտրելու տապարներ, կրակ խառնելու երկաթյա անթրոցներ, հող փորելու բահեր և այլն։ Ածուխի սև փոշին նստած էր թե՛ բնակիչների և թե բնակարանի վրա։ Բոլորը, բոլորը համապատասխանում էր սև արհեստի սև պարապմունքին։

Եվ իրավ, այդ մարդիկը ածխագործներ էին, կապալով վեր էին առել անտառի մի մասը, ածուխ էին պատրաստում։ Ծովի ափի մոտ կանգնած էին նրանց մի քանի նավակները, որոնք տանում էին ածուխը մերձակա քաղաքներում վաճառելու համար։ Մի քանի խումբ ջորիներ տանում էին նույն մթերքը ցամաքի ճանապարհով դեպի շրջակա գյուղերը և փոքրիկ քաղաքները կամ հասցնում էին մինչև ծովեզրը նավակների մեջ գնելու համար։

Մեր անակնկալ հայտնությունը նախ խռովություն պատճառեց նրանց, բայց երբ մեզ ճանաչեցին, էլ չափ չկար նրանց ուրախությանը։ Քավոր Պետրոսի մի քանի կախարդիչ խոսքերը բավական եղան գրավելու նրանց վստահությունը։ Եվ ահա նրանցից մեկի ձայն տալով խրճիթի մի անկյունում շարժվեցան մերկ հատակի վրա փռած ցամաք տերևները, տախտակամածից բարձրացավ մի դռնակ և ստորերկրյա վիրապի միջից դուրս երևաց մի գլուխ։ Նա, մի քննողական հայացք ձգելով մեզ վրա, դուրս եկավ, փոսից։ Նրանից հետո հայտնվեցավ երկրորդը, երրորդը։ Այդ նորերի թե՛ հագուստի գունավոր բծերից և թե ձեռքերի ներկերից երևում էր, որ նրանք այն ստորերկրյա վիրապի մեջ ինչ֊որ ներկերով կամ գույներով աշխատում էին։ Դրանք ածխագործներ չէին։

Նրանք ուրախությամբ ընդունեցին քավոր Պետրոսին, հաբուրվեցան նրա հետ և խնդրեցին նստել։ Քավոր Պետրոսը ներկայացրեց և ինձ, մի քանի կարմիր խոսքեր ավելացնելով իմ ընդունակությունների մասին։

Ինձ ճանաչեցին իմ հոր անունով, որովհետև ինձ տեսել էին շատ փոքր հասակում։

Դրանք իմ հայրենակիցներն էին։ Նրանց գլխավորը, որ կոչվում էր Նազար, դարձավ դեպի քավոր Պետրոսը, հարցնելով․