Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մենք վաղուց սպասում էինք ձեզ, Պետրոս եղբայր, ինչո՞ւ այդքան ուշացաք։

— Երկար պատմություն է,— պատասխանեց քավոր Պետրոսը,— այդ մասին հետո կխոսենք։ Դուք այն ասացեք, ի՞նչպես են տղերքը, լա՞վ են, առո՞ղջ են։

— Լավ են, բայց.․.։

— Ի՞նչ է պատահել։

Նազարը պատմեց, թե իրանց ընկերներից մեկը մի հանձնարարությամբ ուղարկված էր մի տեղ, հիմա նա անհետացել է, և նրա մասին խիստ անհանգիստ են։ Այդ պատմության միջոցին քավոր Պետրոսը նայեց իմ երեսին, որ տեսնե իմ դեմքի արտահայտությունը։ Իմ մեջ ոչինչ խռովության նշան չգտավ։ Պատմությունը Նենեին սպանելու հանձնարարությամբ ուղարկված ավազակի մասին էր, որ հոգին տվեց իմ տապարի հարվածների տակ։ Բայց ես նրա մարմինը մի այնպիսի տեղում էի ամփոփել, որ ինքը սատանան չէր կարող գտներ։

Քավոր Պետրոսը իրան ձևացրեց որպես սաստիկ հետաքրքրված։ Խաչագողի ընկերի անհետանալը, իրավ որ, սաստիկ անհանգստություն էր պատճառում մնացածներին։

— Ո՞վ էր, ի՞նչ հանձնարարությամբ և ո՞րտեղ էր ուղարկված։

Նազարը պատմեց, թե նրան տվել էին մի աղջիկ, տանե, անտառում «անհետացնե», բայց աղջկա հետ ինքն էլ անհետացավ։

— Աղջիկը գեղեցի՞կ էր — հարցրեց Քավոր Պետրոսը։

— Գեղեցիկ էր։

— Իսկ տղան երիտասա՞րդ էր։

— Երիտասարդ էր։

— Այսպիսի գործը երիտասարդին չեն հանձնում, շատ հասկանալի է, որ երկուսն էլ հաշտվել են միմյանց հետ և հեռացել են ով գիտե որտեղ։

— Մենք արդեն մարդիկ ուղարկեցինք նրանց որոնելու,— պատասխանեց Նազարը։

— Իզուր, պետք էր նրանց թողնել իրանց քեֆին, ինչ որ ուզում են թող անեն։ Նազարը ասաց, կան ուրիշ պատճառներ, որ այդ անցքը խիստ վտանգավոր են դարձնում, և խոստացավ, որ այդ պատճառների մասին հետո կխոսե քավոր Պետրոսի հետ։ Իսկ ճանապարհից նոր