Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Նա հիմա լավ բազար ունի...,— պատասխանեցի ես։

— Ի՞նչպես։

— Չե՞ս հասկանում...։

— Ամո՜թ նրա տղամարդին, մի այնպիսի սիրուն կնոջը կարելի՞ է տասն տարիներով անտեր և քաղցած թողնել,— ասաց նրանցից մեկը։

Կարծես, իրանց կնիկները տասն տարիներից ավել չէր, որ անտեր ու քաղցած էին մնացած։

Մի ուրիշը հարցրեց.

— Մեր սև շունը մնո՞ւմ է։

— Չէ, կյանքը տվեց քեզ։

Այդ լուրերը, որ քավոր Պետրոսը հաղորդեց յուր սովորական սառնասրտությամբ, հարուցին ոմանց մեջ ուրախություն, իսկ ոմանց մեջ տրտմություն։ Ինձ խիստ զարմանալի էր թվում, երբ նկատում էի, որ այդ հոգով և սրտով քարացած մարդիկն էլ զգացմունք ունեն, կարող են ուրախանալ և տրտմել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեցավ, իբր թե ոչինչ չէին լսել։

Ես չէի կարողանում զսպել իմ վրդովմունքը, երբ նայում էի այդ անփույթ, անհոգ մարդկանց վրա, որոնք օտարության մեջ մոռացել էին ամեն ինչ, որ իրանց համար ամենաթանկագինն էր։ Ունենալ կին, որդիներ, ազգականներ և նրանց երկար տարիներով թողնել անխնամ, գե՛րի թուրքերի և պարսիկների ձեռքում, իսկ ինքը անհետանա պանդխտության մեջ,— դա գերդաստանի հոր ամենասարսափելի անտարբերություններից մեկն է։ Այդ մարդիկ, մտածում էի ես, ամենևին գութ չունեն, նրանց մեջ մեռել է ծնողական սիրտը, նրանց զգալի չէ ոչ երեխայի ժպիտը և ոչ կնոջ արտասուքը,— երկուսն էլ կատարվում են նրանց աչքերից հեռու․․․։

Մի՞թե ես էլ նույն դրության մեջ չէի գտնվում...

Ես շատ լավ էի հասկանում, որ աղքատությունն էր ստիպել դրանց թողնել իրանց հայրենիքը, թողնել իրանց ընտանիքը, և նույն աղքատությունը իմ ձեռքս տվեց պանդխտության գավազանը։ Հայրենի երկրում չկարողանալով հայթայթել իրանց ապրուստը. նրանք հարկադրվել էին օտարության մեջ բախտ որոնել։

Արդար վաստակի նրանք ոչ միայն սովոր չէին, այլ անընդունակ էին. չգիտեին որևիցե արհեստ, չէին վարժված տոկուն աշխատանքի։ Նրանց միտքը, նրանց ընդունակությունները բնականաբար սրվել, կատարելագործվել էին խաբեբայությունների մեջ, այն չափով, ինչ չափով որ զարգացել էր նրանց մեջ արծաթ որսալի