Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, եթե առյուծների և վագրերի ճանկը չընկնե մարդ։ Բայց իմ աստուծու օրհնությունը ինձ հետ էր, վտանգ չպատահեց։ Ես իմ բրահմինի հագուստը փոխեցի և հալածված պաբիայի հագուստով շարունակեցի իմ փախուստը։ Պաբիային ոչ ոք չէ մոտենում»...:

Ծերունին վերջացրեց. ամեն կողմից լսելի եղան գովասանական ձայներ. մի քանիսը ծափահարեցին։

Մի այլ խաչագող ասաց.

— Ես մի օր գողացա մի մոխրագույն ավանակ և, սև գույնով ներկելով, ծախեցի դարձյալ յուր տիրոջը, նա չկարողացավ ճանաչել յուր ավանակին։

— Կարծեմ ներկը ավելի թանկ արժեց քեզ, քան թե այն փողը, որ դու ստացար,—նկատեց նրան մեկը ծիծաղելով։

— Իրավ է, ներկը ավելի թանկ արժեց,— պատասխանեց նա,— բայց ես ընկերիս հետ գրազ էի բռնել։

— Եվ դու կնքեցիր մեր ճակատին «էշ ներկող» անունը,—վրա բերեց առաջինը։

Բոլորը ծիծաղեցին։

Մի ուրիշը պատմեց, թե յուր կյանքում փոխել է տասը զանազան կրոնքներ և զանազան դավանություններ։ Շիրազում ընդունել է մահմեդականություն և ամուսնացել է մի սեիդի գեղեցիկ աղջկա հետ։ Կիլիկիայի մեջ ընդունել է կաթոլիկություն և պսակվել է կաթոլիկ աղջկա հետ. հետո մի կաթոլիկ գերապայծառից ստացել է ժողովարարության թուղթ, պտտել է Իտալիայում, Սպանիայում և Ֆրանսիայում, հավաքել է ահագին հարստություն, այլևս չի վերադարձել յուր կնոջ մոտ. Կիևում ընդունել է օրթոդոքս եկեղեցու դավանությունը, մի գեներալ նրա կնքահայրն է դարձել և, ընծայելով մի նշանավոր գումար, ամուսնացրել է յուր աղախնի հետ։ Իսկ Կ. Պոլսի մեջ ընդունել է բողոքականություն, տեղային միսսիոնարների թղթով գնացել է Ամերիկա, փողեր է հավաքել և ամերիկացի կին է ունեցել և այլն։

Այդ մարդուն շվացրին, որովհետև խիստ հասարակ բան էր պատմում, որովհետև նրանց մեջ չկար մեկը, որ տասն անգամ կրոնը փոխած չլիներ։

Մի երիտասարդ խաչագող, բավական գեղեցիկ դեմքով, շնորհալի և աշխարհային կյանքի սովորած մարդ, պատմեց, թե եվրոպական մի մայրաքաղաքում նա իրան ձևացրեց իշխան Արարատի, ման էր գալիս թանկագին ակներով զարդարված խենչալով և նույնպես գոհարներով զարդարած, ոսկյա քամարով. նրա կառապանի