Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ռուսուհի օրիորդ, կլորիկ, սպիտակ, շիկահեր, մշտազվարճ դեմքով, Մաշա անունով։ Ախոռատան բակում միշտ պատրաստ էր փառավոր տնային կառքը, զույգ կապուտիկ ձիաներով և մանկահասակ կառավարով, հաստլիկ ու կարմիր թշերով, սև մազերով և սև աչքերով, մի բարձրահասակ տղամարդ, Կազանի թաթարներից։

Զբոսանքները թե′ կառքով և թե′ ոտքով ամեն օրվա սովորություններ եղան։ Գիշերվա խնջույքները, որ նրանք տալիս էին նրբաճաշակ քաղցրավենիքներով և հազվագյուտ մրգեղեններով, հռչակ ստացան բոլոր քաղաքում։ Թատրոնում մի հատուկ լոժա օրիորդ Սոֆիի անվան նվիրական պատիվը ստացավ։ Կար անող ֆրանսուհին և վարսահարդար եվրոպացի տիկինները սկսան շուտ-շուտ երևալ այնտեղ։ Միով բանիվ, Հացի-Գելենց ընտանեկան և տնտեսական կյանքի պարզ աղքատիկ բնավորությունն ընդունեց նրբության և շռայլության բոլոր կործանիչ ձևերը։

Բայց դրանցից և ոչ մեկը չէր բավականացնում օրիորդ Սոֆիի գաղտնի բաղձանքներին։ Նրա սիրտը դրանցով դարձյալ գոհ չէր։ Նա երբեք ուրախ չէր լինում։ Նա, ասես թե, որոնում էր մի այլ բան։ Բայց ի՞նչ բան։ Նա ինքը որոշակի կերպով չէր կարողանում բացատրել իրան։ Միայն հարաժամ թախծալի էր՝ անցկացնելով անքուն գիշերներ։

Նրա օրերը անցնում էին խիստ դատարկությամբ։ Առավոտները շատ անգամ մինչև տասը կամ տասներկու ժամը նա չէր դուրս գալիս յուր ննջարանից։ Երբ որ դուրս էր գալիս, նրա դեմքը լինում էր խիստ գունատ և դալկացած․ նա տաղտկալի էր, և կարծես թե ծուլանում էր շարժվելուց։

Նա լվացվում է, սրբվում և դիմում է դեպի յուր հայելին, ամբողջ ժամերով չի հեռանում նրանից, սանրվում է, օծվում է և հագնվում։

Հետո մտնում է նա դահլիճ, մոտենում է դաշնամուրին, մի քանի րոպե նրա քնքուշ մատները խաղում են ստեղունքների վրա, նա երգում է, ոգևորվում է․․․ բայց հանկարծ, որպես թե նրա սրտի վրա սառը ջուր ածեին, նրա միտքն է ընկնում մի բան, և նա դադարում է երգելուց․․․ և խորասուզվում է խորին մելամաղձական լռության մեջ։

Այնուհետև նա մտնում է յուր առանձնասենյակը, կանգնում է մի պատկերի առաջ, որ դրած էր նրա գրասեղանի վրա, և երկար հիացմամբ նայում է վրան։ Նրա մտքից անցնում են հազարավոր