Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Էշի ականջի» պատմությունը, թեև մի քանիսի մեջ ծիծաղ շարժեց, բայց շատերին զզվանք պատճառեց, որովհետև խաչագողը չպիտի այն աստիճան ստորացնե իրան, որ աղքատ գյուղացու խրճիթից մի կացին գողանա։— Խաչագողը պետք է մեծ որսերին հետամուտ լինի, ասեցին նրան։

Այդ պատմությունները, որքան և անհամակրությամբ լսում էի ես, բայց դարձյալ գրգռեցին իմ ինքնասիրությունը և ես պատմեցի իմ հերոսություններից մեկը, թե ո՛րպես քավոր Պետրոսը թաքցրեց ինձ սնդուկի մեջ, և ո՛րպես ես կողոպտեցի հրեա սեղանավորի կրպակը։ Ես սպասում էի, որ իմ քաջագործությունը կզարմացներ բոլորին: Բայց մի խաչագող պատասխանեց ինձ ծիծաղելով.

— Դա մի հասարակ խաղ է, որ ամենքս խաղացել ենք։ Բայց ես կպատմեմ դրա նման մի բան, որ դուք գուցե լսած ևս չեք։ Նա պատմեց.

«Հարավային Ֆրանսիայի քաղաքներից մեկում մենք մտանք մի եկեղեցի։ Այդ քաղաքի կաթոլիկ ժողովուրդը այնքան կրոնամոլ էր, որ կարծես ապրում էին և գործում էին միմիայն եկեղեցու համար։ Քահանաները հոգու փրկության անունով առել էին ժողովրդի հարստությունը և նրանով զարդարել էին իրանց տաճարները։ Արծաթյա խաչերը, աշտանակները և զանազան սուրբ անոթները թիվ և չափ չունեին։ Մենք երեք ընկեր էինք, մտածեցինք, թե ի՞նչ հնար գործ դնենք, որ այդ հարստությունից մի լավ բաժին վեր առնենք։ Մեր ընկերներից մեկին ձևացրինք մեռած, դրեցինք դագաղի մեջ և տարանք եկեղեցին։ Այդ քաղաքում սովորություն կար, որ մի գիշեր մեռելը պետք է մնար եկեղեցում։ Գիշերը մեր մեռելը հարություն է առնում յուր դագաղից և հավաքում է յուր մոտ խաչերից և անոթներից ո՛րը ավելի թանկագին էր։ Մյուս օրը մենք վեր առեցինք դագաղը տարանք թաղելու։ Այդ քաղաքում գետնի պակասության պատճառով աղքատ և պանդուխտ ննջեցյալներին տեղ չէին տալի հասարակաց գերեզմանատնում, այլ դնում էին առանձին դամբարանի մեջ, որ հատկապես աղքատների համար պատրաստված էր։ Ընկերիս դագաղը դրվեցավ նույն տեղը, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ստորերկրյա մթին այր։ Բայց նա երկար չմնաց ննջեցյալների ամբարում. հենց առաջին գիշերը դուրս եկավ դագաղից, յուր հետ բերելով և յուր կողոպուտը, հասկանալի է, որ մենք ևս «օգնեցինք նրան այդ վերջին հարության մեջ»։

— Երևի այն օրից սկսեցին մեզ կոչել «խաչագող», որովհետև դուք կողոպտեցիք սուրբ տաճարի խաչերը,— նկատեց մեկը: