Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլորը ծիծաղեցին։

Քավոր Պետրոսը, որպես միշտ սովորություն ուներ այսպիսի խոսակցությունների ժամանակ, լուռ էր։ Նա երևի ավելի ուրիշ բաների վրա էր մտածում, քան թե լսում էր։ Նա չէր սիրում, երբ մարդիկ պարծենում էին նրա մոտ։ Նա յուր մեծագործությունների մեջ խիստ համեստ էր...։

Ընթրիքը վերջացավ մեր կենաց համար առաջարկված բաժակներով։ Բոլորը հայտնեցին իրանց ուրախությունը, որ բախտ ունեցան ընդունելու մեզ իրանց ընկերության մեջ...։

Գ

ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈԻԹՑՈԻՆ

Երբ առաջ լսում էի այդպիսի խոսակցություններ, ես ոգևորվում էի, իմ սիրտը լցվում էր կատաղի նախանձով, իմ եռանդն ավելի բորբոքվում էր, և ես մտածում էի. «ե՞րբ կլինի, որ ես էլ պարծենալով պատմեմ իմ քաջագործությունները»...։ Իսկ այժմ ինչո՞ւ այդպես սառեց իմ սիրտը, ինչո՞ւ այդպես անզգայացավ նա։ Այլևս ինձ չէր գրավում խաչագողի փառքը, այլևս ես չէի հրապուրվում չար գործի քաղցր մոլորությունով։ Կարծես թե իմ զորությունը թուլացել էր, կարծես թե իմ մեջ հանգել էր այն կրակը, որի առաջին վառողը եղավ մի երևելի չարագործ...։ Ինձ տիրել էր մի տեսակ վհատություն, մի տեսակ հիվանդոտ ձանձրույթ։ Ես փախչում էի գործից, փախչում էի աշխատանքից...։ Որտեղի՞ց ծագեց այդ փոփոխությունը։

Ես ինքս չգիտեի, բացատրել չէի կարողանում, միայն զգում էի. որ իմ մեջ դեռ մնացել էր աշխույժ եռանդ, բայց ոչ դեպի խաչագողի գործունեությունը։ Ես բոլորովին ոգով ընկած չէի: Իմ սիրտը լցված էր ինչ-որ ուրիշ բանով, որր հետզհետե այնքան աճում էր. ընդարձակվում էր, որ արտաքսվում էր այնտեղից բոլորը, ինչ որ առաջուց մտցրել էր քավոր Պետրոսի սոսկալի դաստիարակությունը...։ Բшյց ի՞նչ էր այդ,— ինքս էլ չէի հասկանում։

Երբ առաջ ինձ աջողվում էր կատարել մի եղեռնագործություն, որքան սարսափելի լիներ նա, որքան խառնված լիներ արյունով, այնքան ավելի բերկրություն էր բերում ինձ։ Իսկ այն օրից, երբ սպանեցի այն չարագործին և ազատեցի Նենեին, զգում էի, որ