Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ո՜րքան լավ շուն է, նա կծում է, այնպես չէ՞․ ումը որ ցույց տալու լինես, կկծե՞։

— Կխեղդե, եթե ես հրամայեմ։

— Նա քեզ սիրում է։ Ասա թող ինձ էլ սիրե։ Գնանք խրճիթը, ես նրան կկերակրեմ։ Ինչպե՞ս է անունը։

— Համիդ։

Նենեն սկսեց կանչել շանը յուր անունով և տարավ դեպի խրճիթր, որը մի քանի քայլով միայն հեռու էր մեզանից։ Մենք ներս մտանք, ծերունի ձկնորսին տանը չգտանք. նա գնացել էր ծովի ափի մոտ ձուկ որսալու։ Ես նստեցի ճյուղերից հյուսած մահճակալի վրա։ Նենեն իմ մոտից չէր հեռանում։ Նա երեխայի նման ձեռքը դրել էր իմ ուսի վրա, նայում էր իմ երեսին և շարունակ խոսում էր առանց լռելու։

— Դու երևի նախաճաշիկ չես արել, սոված կլինես,— հարցրեց նա,— ես քեզ համար ուտելու մի բան կպատրաստեմ։ Տես, այդ ելակները ես եմ քաղել անտառից, պահեցի քեզ համար։ Դու խո սիրո՞ւմ ես ելակներ։

— Ես քեզ պատվիրեցի, որ անտառը չգնաս, Նենե։

— Հեռու չեմ գնացել, նայի՛ր, այդ մոտիկ տեղից քաղեցի։ — Նա վազեց դեպի լուսամուտը, սկսեց ցույց տալ ինձ։

— Ոչ, այնտեղ էլ չպիտի գնաս։

— Դրանից հետո չեմ գնա։ Նենեն կազմեց մի պարզ նախաճաշիկ, որ պատրաստված էր տապակած ձկներից և անտառային բանջարներից։ Սեղանի վրա նա ասաց ինձ.

— Ա՜խ, որքան լավ մարդիկ են այդ ձկնորսները, ես հիմա շատ եմ սիրում նրանց։ Պառավը ինձ յուր մոտ է պառկեցնում և գիշերը տասն անգամ նայում է, որ չբացվեմ, չմրսեմ։ Ծովից գիշերը սաստիկ քամի է փչում, ցուրտ է լինում։— Ես հիմա ծերունի ձկնորսին «պապա» եմ կոչում, նա ինձ շատ է սիրում, երեկ համբուրեց ինձ, ասաց «զավակս»։

Նախաճաշիկից հետո ես պատրաստվեցա հեռանալու։ Իմ որսորդության առաջին օրն էր, պետք էր աշխատել մի բան որսալ, որ ընկերներիս մոտ ամոթով չմնայի։ Նենեն հարցրեց. — Դու էլի՞ գնում ես։ Ո՞ւր ես գնում։

— Անտառը, մի բան որսալու։

— Ես էլ կգամ քեզ հետ։

Հանկարծ մտաբերեց իմ պատվերը և խոսքը փոխեց.