Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա Նկատեց եղջերուին, որ քաշ էր ընկած իմ ուսից և աղավնիները, որ դրած էին իմ որսորդական մախաղի մեջ։

— Ա՜խ, ինչո՞ւ սպանեցիր դրան,— ասաց նա ցավալի ձայնով.— խեղճ եղջերու, ով գիտե, գուցե մայր ունի... հիմա լաց է լինում դրա մայրը...։

— Եղջերուն լաց չէ լինում, Նենե, — պատասխանեցի ես, հանգստացնելով նրան։

— Ինչպե՞ս լաց չէ լինում, չէ՞ որ նա էլ աչքեր ունի, — ասաց նա և սկսեց վեր բարձրացնել իմ սպանած եղջերուի գլուխը և նայել աչքերին։

— Դրա աչքերը խփած են, դա մեռել է...,— ասաց նա սոսկալով և հետ քաշվեցավ։— Դրանից հետո էլ չես սպանի, այդպես չէ՞։

— Ապա ի՞նչ որսամ։

— Գայլեր սպանիր, նրանք այնպես չար են, որպես այն ավազակները..։ Ա՜խ էլի մտքիս եկան անիրավները... դու ասեցիր, որ մոռանամ նրանց...։

— Հա՛, սիրելիս, մոռացիր նրանց...։

Մենք մտանք խրճիթը։ Պառավը դեռ նոր էր վառել ճրագը։ Ծերունի ձկնորսը վերադարձել էր ծովի ափից։ Նա այս երեկո ավելի լավ տրամադրության մեջ էր գտնվում, թեք էր ընկած ճյուղերից հյուսած մահճակալի վրա և մի առանձին բավականությամբ ծխում էր։ Երևում էր, ծովի վրա նրա որսորդությունն էլ հաջող էր անցել։ Երբ տեսավ ինձ, գլուխը վեր բարձրացրեց և, առանց շարժվելու յուր տեղից, խիստ ջերմ բարեսրտությամբ ողջունեց։ Ես նստեցի նրա մոտ, իսկ Նենեն տեղավորվեցավ իմ կողքին։ Նա դարձյալ առանց լռելու խոսում էր, միշտ նոր և նոր հարցեր էր առաջարկում։ Իսկ ծերունին լսելով նրա անմեղ հետաքրքրությունը, ժպտում էր, ուրախանում էր։ Նա ասաց.

— Եթե Նենեի լեզուն կապես, աչքերով կխոսի, եթե աչքերը փակես, ձեռներով կխոսի։ Ամեն ինչ դրա մոտ խոսում է։

— Այսպիսի կրակոտ բնավորությունները չեն կարող լուռ մնալ,— պատասխանեցի ես։

Նենեն գլուխը քաշ գցեց և, իրան վիրավորված ձևացնելով, ասաց.

— Ես էլ չեմ խոսի։

— Լավ, տեսնենք,— ասաց ծերունին,— կարո՞ղ ես համբերել առանց խոսելու։