Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մի քանի րոպե լուռ մնաց, հետո սկսեց ծիծաղել։

— Չեմ կարող, չեմ կարող,— բացականչեց և վազեց ծերունու մոտ։

Ծերունին գրկեց նրան և սկսեց յուր կոշտացած ձեոքով փայփայել նրա սև գիսակները։

Պառավը զբաղված էր ընթրիքի պատրաստությունով։ Նենեն թողեց մեզ, գնաց նրան օգնելու։ Նա արդեն այն աստիճան ընտանիացել էր այդ տան մեջ, կարծես թե այնտեղ էր ծնված և այնտեղ էր սնված։ Նա գիտեր ի՛նչ բան ի՛նչ տեղ էր դրած, գիտեր տան բոլոր ծակ ու ծուկը։

Անտառների խուլ առանձնության մեջ, ծովի ափի մոտ, ձկնորսի անշուք խրճիթը լուսավորված յուղային ճրագով, մի գեղեցիկ տեսարան էր ներկայացնում։ Թեև ամեն ինչ նրանում կրում էր յուր վրա խորին չքավորության կնիքը, բայց գոհությունը և խաղաղությունը թագավորում էր բոլորի վրա։ Այդ բարի ձկնորսները երջանի՜կ էին. երջանի՜կ էին, որովհետև ոչինչ չունեին և ունենալու ցանկություն ևս չունեին։ Ի՞նչ ավելի մեծ հարստություն կարող էր լինել, քան թե այն, երբ մարդ յուր ունեցածովը գոհ է։

Այդ մտածությունները զարթեցրին իմ մեջ իմ անցյալի սարսափելի հիշողությունները և երևան հանեցին սոսկալի պատկերներ։ Ես արյունոտ ձեռքերով քանի՜-քանի՜ տարիներ շարունակ անդադար ոսկու ամբարներ էի դիզում, բայց իմ անհագ սիրտը ոչինչ բանից գոհանալ չէր կարողանում։ Ես մնում էի միշտ աղքատ, միշտ թշվառ, որովհետև ունեցածովս չէի բավականանում։

Ծերունին, այն անտառների պատրիարքը, կլիներ ոչ ավելի քան հիսուն տարեկան, բայց նրա երկաթի կազմվածքը կորցրել էր յուր ամրությունը։ Նա ծերացել էր ավելի վաղ, քան թե ներում էր նրա հասակը։ Երևում էր, որ նա յուր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել, շատ տանջանքներ էր կրել, որոնց հետքերը դեռ մնում էին նրա տխրամած ճակատի վրա։ Առանձնության մեջ, հեռո՛ւ աշխարհից, բնակվելով լայնատարած ծովի ափի մոտ, երևի նրա ալիքների մեջ նա կամեցել էր թափել յուր անցյալ կյանքի դառնությունները։

Բայց ինչ որ ավելի էր ինձ զարմացնում, դա էր նրա արտասանությունը։ Մենք խոսում էինք ռուսաց լեզվով։ Ես այդ լեզվով այնքան վարժ էի խոսում, որ ոչ ոք չէր կարող կասկածել որ ես ռուս չեմ։ Բայց նրա ի՛նչ ազգից լինելը դեռ ես չգիտեի. նրա արտասանությունը ինձ բոլորովին խորթ էր թվում։ Նույն կասկածը, որպես