Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/486

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր, որովհետև այդ հանդիպումը պիտի բաց աներ նրա առջև կատարված պատահարների մի սոսկալի վիհ, որ մինչև այն օր նրան անհայտ էր.․․։

Նենեն միայն հարցրեց ինձ․

— Դու առաջուց ճանաչո՞ւմ էիր այդ ծերունուն։

— Նա իմ հայրն է,— պատասխանեցի ես։

Ե

ԳԱՂՏՆԻՔԸ ԼՈԻԾԱՈԻՄ է

Առավոտյան հայրս զարթնեց խիստ վաղ։ Առաջին բառը, որ արտասանեց, իմ անունը։ Ես իսկույն մոտեցա նրան։

— Եկ գրկեմ քեզ, որդիս, թույլ տուր արևի լույսով մի լավ ուրախանամ քեզանով,— ասաց նա ծնողական հոգեզմայլությամբ։

Ես ընկա նրա գիրկը։

— Ա՜խ, ինչպես խաբեցին ինձ... — դարձյալ կրկնեց նա գիշերվա խոսքը, խորին կերպով հոգվոց հանելով։

— Դու ամբողջ գիշեր անհանգիստ էիր, հայրիկ, համարյա չքնեցիր, շատ անգամ կրկնում էիր այդ խոսքը, պատմիր, ո՞վ խաբեց քեզ և ի՞նչ բանում խաբեցին։

— Անցյալը մի հիշեցրու ինձ, որդի,— պատասխանեց նա տխուր ձայնով,— դու ինձ այն ասա՛, մայրդ կենդանի՞ է։

— Ես նրան բոլորովին առողջ թողեցի տանը և մի քանի անգամ նամակներ եմ ստացել. շատ ժամանակ չէ, որ նոր նամակ ևս ստացա, նա բոլորովին առողջ է։

— Անիծյա՜լ լինես դու.․․ ինչպես խաբեց ինձ․․.։

Նա դարձյալ հիշեց խաբված գրությունը։

— Իսկ քույրե՞րդ,— հարցրեց նա։

— Նույնպես առողջ են, մեծ քույրս մարդի է գնացել, այժմ երկու երեխա ունի․ միջնակ քույրս նշանված է։

Նրա շիջած աչքերի մեջ փայլեց ուրախության մռայլ նշույլը։ Իսկ իմ հետաքրքրությունը ավելի գրավում էր այն գաղտնիքը, թե ո՞ւմն էր անիծում հայրս, կամ ո՞վ էր խաբել նրան։ Երկար թախանձելուց հետո, վերջապես հոժարեցավ նա պատմել։

— Գուցե մայրդ ասած կլինի, որ դեռ դու չէիր ծնված, երբ ես աղքատությունից ստիպված թողեցի հայրենի երկիրը և դիմեցի դեպի պանդխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Բացի