Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանր պարտքերից, ես ոչինչ չթողեցի իմ ընտանիքի ապրուստի համար։ Մի քանի կտոր կալվածքներ ունեի, նրանք ևս պարտքերիս փոխարեն գրավ էին դրված։ Մի քանի տարի երկրե-երկիր թափառում էի. բայց ոչ մի գործում հաջողություն չէի գտնում։ Հայրենիքից ստացված տեղեկությունները միշտ տխուր էին լինում և անմխիթար։ Վերջապես հասավ Պարսկաստանի սարսափելի ժանտախտի լուր։ Այդ միջոցին հայտնվեցավ ինձ մոտ մի խաչագող, որ նոր էր եկել մեր երկրից և ուներ յուր հետ մի նամակ իմ անունով։ Նա պատմեց, թե որպիսի սոսկալի կոտորած կատարեց ժանտախտը և որպես դատարկվեցավ ամբողջ երկիրը։ Իսկ նամակի մեջ ավելի մանրամասնություններ կային։ Նամակը մեր գյուղի քահանայի գրածն էր։ Նա սկսվում էր մխիթարական խոսքերով, որպես սովորաբար գրում են այն անբախտներին, որոնք կորցրել էին իրանց սիրելիներին։ Նրա մեջ կար մի երկար ցուցակ, թե մեր գյուղացիներից ով մեռավ կամ ով ազատվեցավ։ Մեռելների թվումն գրած էր քո մոր, քույրերիդ և քո անունը։ Իմ ամբողջ ընտանիքը ժանտախտի զոհ էր դարձել։ Այդ անիրավը բերանացի էլ պատմեց, թե որպիսի պատուհասի ենթարկեց աստված իմ ընտանիքը, և ավելացրեց, որ իմ թողած բոլոր կայքերը պարտքերիս փոխարեն տիրեցին...։

Վերջին խոսքերի ժամանակ ծերունու ձայնը փոքր առ փոքր թուլացավ, և նա դժվարանում էր շարունակել յուր պատմությունը։ Նենեն տվեց մի բաժակ կաթ խմելու։ Նա փոքր֊ինչ կազդուրվեցավ և շարունակեց.

— Այլևս ոչինչ չէր մնում, ես կորցրել էի այն բոլոր առարկաները, որ սիրելի էին ինձ, որ կապում էին իմ սիրտը իմ հայրենիքի հետ։ Այդ տեղեկությունները այնքան ծանր և սպանիչ ազդեցություն ունեցան իմ վրա, որ ես մի քանի ամբողջ ամիսներ հիվանդ պառկեցա։ Նամակաբերը չհեռացավ իմ հիվանդության մահճից և ամենայն հոգատարությամբ խնամք էր տանում իմ վրա։ Մինչև իմ առողջանալը նա բոլորովին գրավեց իմ բարեկամությունը, և ես իմ անձը շատ երախտապարտ էի համարում նրան։ Ես ընդունեցի նրան իմ մոտ, և որպես ընկեր գործում էինք միասին։ Ես վճռեցի այլևս չվերադառնալ իմ հայրենիքը, ուր պիտի գտնեի սիրելի կնոջ, սիրելի զավակներիս գերեզմանները միայն և իմ դատարկացած տունը, այն ևս պարտատիրոջ ձեռքը անցած։ Ամեն ինչ իմ մեջ պիտի զարթեցներ տխուր հիշողություններ։ Հայրենիքը ատելի էր դարձել ինձ...։