Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա ձայնը դարձյալ սկսեց դողդողալ, դարձյալ դառն զգացմունքները խեղդում էին նրան։ Նենեն տվեց նրան երկրորդ բաժակ կաթը, բայց այս անգամին չընդունեց և փոքրինչ հանգստանալուց հետո շարունակեց.

— Ես այն ժամանակ հարուստ էի, ունեի մի քանի հազար պատրաստի ոսկիներ սնդուկի մեջ, իմ նոր ընկերը այն աստիճան գրավել էր իմ հավատարմությունը, որ ես ամեն ինչ հանձնել էի նրա ձեռքը։ Անցան մի քանի տարիներ, նա ինձանից չէր բաժանվում։ Մեր գործերը օրըստօրե լավանում էին և օրըստօրե տյդ մարդը սիրելի էր դառնում ինձ։ Բայց ի՞նչ գիտեի, որ նրա բոլոր մտերմությունը կեղծ էր, խաբեություն էր. մի գիշեր, իմ քնած ժամանակ, նա հարձակվեցավ իմ վրա, և սրի մի քանի հարվածներ տալով, ես անզգա և ուշաթափ մնացի, իսկ նա, ինձ արդեն սպանված համարելով, հափշտակեց իմ ոսկիները և փախավ։ Ահա այն սպիները, որ թողեց իմ վրա այն չարագործը...»

Հայրս ցույց տվեց մի քանի խորն ընկած վերքերի նշաններ յուր մարմնի վրա և շարունակեց.

— Այդ պառավը, որ դու տեսնում ես իմ խրճիթի մեջ, ես իմ կյանքով նրան եմ պարտական։ Նա մի անբախտ այրի էր» ինձ վեր առեց յուր մոտ, խնամք տարավ և առողջացրեց։

Հորս ցավալի պատմության ժամանակ ես գտնվում էի մի տեսակ զարհուրանքի մեջ, թե ո՛րքան դժբախտությունների պատճառ է դառնում սուտը, խաբեությունը և նենգավոր մտերմությունը։ Հորս խաբված դրությունից առաջ էր եկել մեր ամբողջ ընտանիքի թշվառությունը։ Եթե նա այդ պատահարներին չհանդիպեր, եթե նա յուր ժամանակին վերադարձած լիներ յուր հայրենի երկիրը և յուր վրա առներ յուր ընտանիքի խնամատարությունը, ես երբեք ստիպված չէի լինի ոտքս դուրս դնել իմ հոր տնից և անբարոյականության մեջ չէի ընկնի։

—Ինչպե՞ս էր այն չարագործի անունը,— հարցրի ես, երբ հայրս վերջացրեց յուր. պատմությունը։ 

— Օհան, դու կարծեմ կճանաչես Նրան։

— Կարապետի որդին, ի՞նչպես չեմ ճանաչում։

— Հենց նա։

Ես սառած մնացի։ Այդ անիրավը ոչ սակավ մոլորության մեջ էր գցել և՛ ինձ, և՛ իմ մորը, և՛ մեր բարեկամներին։ Ես այդ անցքը պատմեցի հորս։