Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդպես՝ մեր փոփոխամիտ հերոսուհին ոչինչ թանով գոհ չէ։ Նա չունի կիրթ ճաշակ դեպի գեղեցիկը, դեպի պատշաճավորը և դեպի վայելուչը։ Ամեն մի նոր երևույթ, ամեն մի նոր առարկա ծնեցնում էր նրա սրտի մեջ նորանոր ցանկություններ։

Արդարև, մի այնպիսի սևաթորմիկ գերդաստանի զավակը, մեծացած հասարակ ընտանեկան շրջանի մեջ, որպիսին Հացի-Գելենք էին, երբեք չէր կարող ունենալ կրթված ճաշակ։ Իսկ դպրոցի փակված վանդակում նա չէր կարող ծանոթանալ արտաքին աշխարհի հետ։ Այդ պատճառով նրա սրտում չկար ոչինչ հիմնավոր բան, այլ ցնորական և երազամոլ երևակայություններ միայն։

Ահա՛ այդպես դատարկությամբ էին անցնում մեր հերոսուհու օերը։

Թ

Մի օր առավոտ օրիորդ Սոֆիի մոտ եկավ Աննա Եգորովնան։

Մանկահասակ օրիորդը, տեսնելով ընկերուհու կացարանի փառավոր զարդարանքը և նայելով յուր չորս կողմը, ժպտալով նրա ձեռքն առավ և ասաց ռուսերեն.

—Այժմ արդեն կարելի է շիկ տալ...։

Օրիորդ Սոֆին նույնպես քաղցր ժպտալով, պատասխանեց նրան.

—Այո՛, այժմ կարելի է ասել, թե ապրում ենք...

Նրանք հարցնելով միմյանց առողջությունը, և ընդունելության սովորական ծեսերը կատարելուց հետո, օրիորդ Սոֆին ման ածեց յուր ընկերուհուն բոլոր սենյակները, ցույց տվավ նրան յուը գնած իրեղենները և յուր նոր հագուստների մինչև վերջին թելը, հայտնեց յուր դիտավորությունը՝ նորոգություններ անելու համար։

Աննա Եգորովնայի դեմքը բացատրում էր ուրախություն, օրիորդ Սոֆին նույնպես գտնվում էր յուր հոգվո զվարճալի տրամադրության մեջ։

—Այդ արդեն հրա՜շք է, Սոֆի,— ասաց նրան Աննա Եգորովնան։ —Դու ի՞նչպես կատարեցիր այս բոլոր հեղափոխությունը առանց պատերազմի և առանց զոհերի։

Աննա Եգորովնայի խոսքը Հացի-Գելենց ընտանեկան կյանքի վերանորոգության համար էր։

-Մեր պատերազմը մնացել է հորս վերադարձից հետո,— պատասխանեց նա ծիծաղելով։