Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/490

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փոքր-ինչ հանգստանալուց հետո յուր խռովությունից, շարունակեց նա.

— Լսիր, որդի, ամեն մի ապականված շրջանի ժահահոտությունը այնքան զգալի չէ լինում, երբ մարդ ապրում է նույն շրջանի մեջ, որովհետև նրա զգայարանքները սովորում են, ընտելանում են այն օդին։ Իսկ երբ դրսից, մաքուր օդ շնչելուց հետո, մոտենում ես ապականված շրջանին, այն ժամանակ միայն զգում ես նրա թունավոր արտաշնչությունը։ Դու այժմ այդ անմաքուր շրջանի, այդ փչացած հասարակության մեջ ես գտնվում և զգալ չես կարող, թե ո՛րպես քո անձը օրըստօրե վարակվում է և բարոյապես փտում է։ Մի օտար ձեռք պետք է, որ քեզ դուրս քաշե նրա միջից, և այդ թող լինի հայրական փորձված ձեռքը։ Աղաչում եմ քեզ, հեռացիր այդ չարագործներից, քանի որ բոլորովին ընկած չես... քանի որ բոլորովին կորած չես..․։

Նա իմ ձեռքը բռնել էր յուր դողդոջուն ափերի մեջ։ Վերջին խոսքերն արտասանեց արտասուքով և ծնողական սրտի խորին ցավակցությամբ։ Ես խոստացա կատարել նրա պատվերը, բայց մտածում էի, թե ի՞նչ հնարքով պետք է բաժանվել քավոր Պետրոսից։ Այդ սարսափելի մարդը այն աստիճան կաշկանդել էր ինձ, որ նրանից անջատվելը շատ հեշտ չէր։ Հայրս պատասխանեց.

— Ես լավ եմ ճանաչում այն անիրավին... նրա մեջ գութ կամ խիղճ կոչված բաները չկան։ Ես գիտեմ նրա բոլոր արարմունքը... աշխարհի ամեն կողմերում եղել է նա և ո՛րտեղից անցել է, թողել է յուր ետևից արտասուք և դժբախտություն...։

— Այսուամենայնիվ, նա ինձ հետ միշտ լավ է եղել, նա մինչև անգամ որդու պես սիրում էր ինձ։

— Հավատում եմ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի խաչագողի համար սերը, բարեկամությունը։ Լսիր, որդի, իմ ալևոր մազերը այդ չարագործների մեջ ճերմակացան։ Նրանք չգիտեն, թե ինչ է ճշմարիտ բարեկամությունը, որքան սերտ են նրանց ընկերական կապերը, որքան մտերմական են նրանց հարաբերությունները, այնքան զարհուրելի է լինում վրեժխնդրությունը՝ երբ բեկերը յուր ընկերի մեջ նշմարում է մի ամենափոքր կասկած։ Բայց կասկածել նրանք միշտ կարող են, որովհետև ում խիղճը մաքուր չէ, սա կասկածավոր է լինում։

Այդ բոլորը ուղիղ էր, ես առանց հորս ասելու էլ գիտեի։ Բայց ի՞նչպես հեռանալ քավոր Պետրոսից առանց նրան կասկած պատճառելու,— դրանումն էր գլխավոր հարցը։ Ես հարցրի.