Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/493

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դուրս գալով հորս խրճիթից, զգում էի իմ մեջ մի անբացատրելի խաղաղություն. իմ սիրտը լցված էր անսահման ուրախությամբ. ես ինձ բախտավոր էի համարում և գոհ։ Կարծես թե ես ազատված լինեի խիստ ծանր շղթաներից, որ հարաժամ ճնշում էին, հարաժամ տանջում էին ինձ։ Այո՛ ես ազատված էի քավոր Պետրոսի կապանքներից, ազատված էի անբարոյական շրջանից...։

Որպես մի մարդ, որ դեռ հազիվ զգաստացել է յուր կատաղի արբեցողությունից, ես մտաբերում էի իմ սարսափելի անցյալը... տեսնում էի այն խորին անդունդը, լցված ամեն տեսակ ապականություններով, ուր բարոյապես ընկած էի ես...։ Ո՞վ դուրս հանեց ինձ այնտեղից։— Նենեն և հայրս։ Հայրս սովորեցրեց լինել բարի, իսկ նենեն սովորեցրեց սիրել...

Նախախնամության մատն էի տեսնում այդ բոլոր դեպքերի մեջ, որ առիթ տվին ինձ ազատելու Նենեի կյանքը և հանդիպելու հորս։ Թե՛ առաջինը և թե վերջինը առաջնորդեցին ինձ դեպի ուղղություն։ Եթե Նենեն չլիներ, ես առիթ չէի ունենա հորս տեսնելու, իսկ եթե հորս չտեսնեի, ես գուցե միշտ կմնայի խաչագողների խումբի մեջ...։

Դեռ արևը չէր ծագել, դեռ տիրում էր վաղորդյան մռայլը։ Գնալով դեպի մոտակա գյուղը, ես իմ գլխում կազմում էի մի գեղեցիկ ծրագիր մեր ապագայի մասին։ Ես պատկերացնում էի սիրելի հայրենիքը... իմ և հորս վերադարձը... մորս և քույրերիս ուրախությունը... և մեր խաղաղ ու հանգիստ կյանքը հայրենական օջախի կողքում...։

Բայց ինձ տանջում էր մի ամենադժվարին հարց, թե ի՞նչ պետք էր անել Նենեի հետ։ Ես գիտեի, որ նա ինձանից չի բաժանվի, ես զգում էի, որ նրան թողնել չեմ կարող...։ Այդ հարցը երկար զբաղեցնում էր իմ միտքը, երկար ես տարուբերվում էի զանազան մտածությունների մեջ։ Իմ սիրային ասպարեզում միմյանց հետ մրցում էին երկու էակներ՝ Նենեն և Սառան։ Որի՞ն պետք էր ընտրել...։

Ճանապարհը, որ տանում էր դեպի մոտակա գյուղը, պետք է անցներ այն ձորի միջով, ուր գտնվում էր խաչագողների բնակարանը։ Այդ պատճառով ես որոշել էի արևածագից առաջ, առավոտյան մթության պահուն, անցնել այնտեղից, որպեսզի նկատելի չլինեմ։

Դեռ բավական մութն էր, երբ հասա այնտեղ։ Բայց իմ ուշադրությունը գրավեցին որոտմակ խուլ ձայներ, կարծես թե արձակում էին ատրճանակներ. ես կանգնեցա։ Ձայները լսվում էին