Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղիղ այն կողմից, որտեղ գտնվում էր նրանց բնակարանը։ Հետաքրքրությունը մոլորեցրեց ինձ։ Ես բարձրացա մի բլուրի վրա, սկսեցի այնտեղից նայել։ Իմ առջև բացվեցավ մի հրեղեն լճակ։ Ամբողջ ձորը վառվում էր կրակի մեջ։ Հրդեհը խաչագողների բնակարանից տարածվել էր անտառի մեջ։ Ամառային տոթից ցամաքած ծառերը այրվում էին։

Կրակի բոցերը դուրս էին հոսում խաչագողների բնակարանից և տարածում էին նրա շուրջը սարսափելի լուսավորություն։ Միլիոնները այրվում էին։ Մի կողմում ածած էին թղթերի կիսավառ կապոցները։ Հրդեհը ոչնչացնում էր կեղծ գործի կեղծ արդյունքը.․.։

Հրդեհի լուսավորության միջից երևում էին զինված մարդիկ, որոնք կարծես թե խուզարկությունն էին անում։ Ոմանք կալանավորված էին, շղթաների մեջ պահված էին, ոմանք փախչում էին։ Անտառի մեջ հետամուտ էին լինում, որոնում էին փախստականներին։ Մթության մեջ ընդդիմադրություններ էին կատարվում, այդ ժամանակ լսելի էր լինում ատրճանակների ձայնը։

— Ի՞նչ էր պատահել։ Ինչ էլ որ լիներ, այդ սոսկալի տեսարանը մի լավ բան չէր գուշակում։ Ես մտածեցի հեռանալ։ Այդ միջոցին լուսավորությունը ավելի տարածվեցավ, կարծես, ամբողջ հորիզոնը վառվում էր կրակի մեջ։ Այժմ միանգամից բոցավառվելով, այրվում էին չոր խոտի դեզերը, որ խաչագողները հավաքել էին իրանց ջորիների համար։ Լուսավորությունը հասնում էր մինչև այն բլուրը, որի գագաթին կանգնած էի ես, իմ պատկերը մի անշարժ արձանի նման նկարված էր բլուրի բարձրության վրա։ Ստորոտից լսելի եղավ մի ձայն.

— Դա էլ մեր ընկերն է.․.։

Իսկույն վրա հասան մի քանի զինված մարդիկ և կալանավորեցին ինձ։ Եղելությունը արդեն հայտնի եղավ ինձ. ես ընկա ծուղակի մեջ...։

Խաչագողը, որ մատնեք ինձ, միևնույն անձն էր, որին կոչում էին «էշի ականջ»։ Նրան փախչելու ժամանակ ճանապարհից բռնել էին և հետ էին բերում։ Այդ մարդը հայտնի էր ամբողջ խումբի մեջ յուր վատություններով։ Ես դարձա նրան, ասելով․

— Չե՞ս ամաչում...։

— Դու պիտի ամաչես,— պատասխանեց նա լրբաբար,—— դու մատնեցիր մեզ, և կարծում էիր, թե ինքդ ազա՞տ կմնաս․․․։

— Ե՞ս մատնեցի ձեզ.․.։

— Այո, դու, ապա ո՞վ։ Դու խաբեցիր մեզ, դու հեռացար