Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես նրա թունավոր հայացքի մեջ կարդացի այդ խոսքերը, «դու էլ, Մուրադ, դավաճանեցիր ինձ...»։

Խուզարկությունը անտառի մեջ տևեց կես օր. խաչագողներից ոմանք, տնակի ստորերկրյա գաղտնի ճանապարհներով դուրս էին եկել և անհետացել էին ծառերի ու թուփերի մեջ։ Նրանց գտնել չկարողացան։ Կալանավորների թիվը, բացի ինձանից, չորս հոգի էին։

Հրդեհը արդեն բոլորովին լափել էր այն բնակարանը, որ մոտ մի տարի եղել էր կենտրոն սարսափելի չարագործությունների։ Երբ ամեն ինչ վերջացած էր, մեզ սկսեցին տանել դեպի մերձակա քաղաքը։ Մի բան, որ իմ կորստյան այն դառն ճգնաժամում մտաբերեցի ես, էր Նենեն։ Խե՜ղճ աղջիկ, դու դարձյալ մնացիր անտեր...։

Երկյուղը և հուսահատությունը, որ այսպիսի դեպքերում տիրում են հանցավորի սրտին, ինձ բոլորովին զգալի չեղան։ Կարծես թե ես համոզված էի, թե հարկավոր էր որ այսպես լիներ, թե այն ճանապարհը, որ ես բռնել էի, ինձ պետք է հասցներ մինչև այստեղ, թե ես պետք է պատժվեի և իմ տանջանքներով քավեր իմ գործած մեղքերը...։

Երեք օրից հետո մեզ հասցրին մերձակա քաղաքը և փակեցին բերդի մեջ։ Գիշեր էր։ Բանտի մի անկյունում, թեք ընկած հարգի վրա, հեռու իմ ընկերներից, տխուր մտածմունքների մեջ տանջվում էի ես։ Հազիվհազ ինձ համար ծագեց կյանքի մի նոր առավոտ, հազիվհազ ինձ ազատված էի համարում մի անբարոյական հասարակությունից, հազիվհազ սկսվում էր ինձ համար արդար ապրուստի մի նոր եղանակ, և ահա տխուր հանգամանքները ինձ ձգեցին մի նոր դժբախտության մեջ։ Ինչո՞վ կվերջանար այդ, ես չգիտեի, բայց համոզված էի, որ ես ընդերկար պիտի բաժանված մնամ սիրելի ծնողներից, սիրելի բարեկամներից, և ես գուցե մյուս անգամ չպիտի կարողանամ տեսնել Նենեին։

Այդ մտածությունների մեջ էի ես, երբ իմ ընկերները, բանտի մի այլ կողմում խումբով նստած, թուղթ էին խաղում, ծիծաղում էին, հանաքներ էին անում, կարծես թե իրանց տանը լինեին։ Քավոր Պետրոսը նրանց մոտ էր. նա չէր խաղում, բայց նայում էր նրանց խաղի վրա։ Նա բաժանվեցավ խմբից և մոտեցավ ինձ։

Մի մարդու թե՛ բարոյական և թե մարմնական տգեղությունները այնքան նշմարելի չեն լինում, երբ նայում ես նրանց վրա բարեկամի աչքով։ Բայց երբ սկսեցիր ատել նրան, այն ժամանակ միայն հայտնվում է նա յուր բոլոր այլանդակությամբ։ Այսպես