Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այլևս ո՞ւմ վրա կարող էին նրանք կասկած ունենալ, եթե ոչ, կա՛մ իմ, կա՛մ Նենեի վրա։ Քավոր Պետրոսը, թեև չէր հավատում, որ ես կդավաճանեի նրան, այնուամենայնիվ, նա ինձ բոլորովին արդար ես չէր համարում, հայտնելով նույն միտքը, որ եթե ես նրա հրամանը կատարած լինեի և Նենեին սպանած լինեի, այնուհետև այդ դժբախտությունը տեղի չէր ունենա։ Նրա բարկությանը չափ չկար, թե ինչպե՞ս ես համարձակվեցա խաբել նրան։ Բայց այդ բարկությունը մասամբ մեղմանում էր, երբ նա ի նկատի էր առնում իմ սիրահարությունը, որը նրա կարծիքով մինչև խելագարության էր հասցրել ինձ։ Բայց նա, որպես երևում էր, դեռ չգիտեր հորս հետ իմ հանդիպելը, եթե հայտնեի, գուցե բոլորովին կփարատեր թե՛ նրա և թե ընկերներիս կասկածը իմ անհավատարմության մասին։ Քավոր Պետրոսը ներող էր, երբ իրավացի փաստեր էին ներկայացնում։ Բայց ես այլևս փույթ չունեի իմ անձը արդարացնելու նրա առջև։ Նա հեռացավ, հետևյալ խոսքերը ասելով.

— Օրենքի դատապարտությունից ավելի հեշտ է ազատվել քեզ, բայց ես չգիտեմ, ինչպե՞ս դու պիտի ազատվես քո ընկերների վրեժխնդրությունից... ։

Այդ խոսքերը սարսափելի էին, սարսափելի էին ավելի այն պատճառով, որ դուրս էին գալիս մի խաչագողի բերանից։ Բայց ես լսեցի խորին արհամարհանքով, և այդ ավելի վիրավորեց նրան։ Այդ անգութ մարդը դեռ սիրում էր ինձ, թեև թաքցնում էր յուր սերը, — դեռ մտածում էր իմ մասին, դեռ հոգ էր տանում իմ վրա։ Ես տեսա, թե ի՛նչպես նա վշտացած կերպով հեռացավ, գնաց նստեք բանտի մի մթին անկյունում և, գլուխը քաշ գցած, տխուր մտածությունների մեջ ընկավ։ Մի՞թե նա զգում էր, որ ես նրա դաստիարակության թշվառ զոհն էի...։

Երբեք չէր պատահել, որ ես այնպիսի համարձակությամբ խոսեի քավոր Պետրոսի հետ, որպես այն գիշեր։ Կարծես թե հանցավորի կապանքները մի տեսակ ազատություն են շնորհում նրան։ Շղթաների մեջ թե՛ մեծավորը և թե ստորագրյալը հավասար իրավունք են վայելում։ Մեր վիճաբանությունը թեև խիստ տաք էր, բայց անցավ հանդարտ կերպով, այնպես, որ մեր մյուս ընկերները, որոնք զբաղված էին թղթախաղով, ոչինչ չլսեցին։ Այժմ նրանք վերջացրել էին իրանց խաղը և սկսել էին միմյանց հետ զանազան հանաքներ անել։ Ինձ վրա ուշադրություն անգամ չէին դարձնում։ Ես խորին զզվանքով լսում էի նրանց զվարճությունները։