Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ ոչինչ...— պատասխանեց Անիչկան, և նրա փափուկ դեմքի վրա երևեցան խիստ ծամածռության նշաններ:

— «Հարսանիքից հետո զուռնա չեն ածում»։ Ամեն ինչ արդեն վերջացած է...։

Նրանք նստեցին օրիորդ Սոֆիի կաբինետում։

-Դու այսօր Ալեքսանդրյան այգու՞մ էիր,— հարցրեց նրանից օրիորդ Սոֆին։

-Այո՛,— պատասխանեց Անիչկան։

— Ասա՛, խնդրեմ, ո՞վ էր այն երիտասարդը՝ բարձր հասակով, սև, գանգուր մազերով, նորաբույս ընչացքներով, գեղեցիկ դեմքով, սև բարխատյա կարճլիկ սերթուկով... փոքրիկ ակնոցներով...։

Եվ նա սկսավ նկարագրել գեղեցիկ երիտասարդին, որ այնքան գրավել էր յուր ուշադրությունը։

— Դա՜, այդ դու Շերիմովին ես ասում,— պատասխանեց Անիչկան։ — Նա նոր է ավարտել Մոսկվայի համալսարանը։

— Ա՜խ, ի՛նչպիսի փառավոր պարոն է նա։

— Նա առաջին ֆրանտն է մեր քաղաքում։ Դու հավանեցի՞ր նրան։

— Ինչպե՞ս չհավանեի։

— Ելիսավետն էլ նրա համար խելքից էլած է։

— Ո՞րտեղ է բնակվում, — հարցրեց հետաքրքրվելով օրիորդ Սոֆին։

— Նա բնակվում է Սոլոլակում։

— Նա մի՞շտ լինում է այգում։

— Համարյա՛ ամեն օր։

Եվ նրանք երկար խոսեցին Մոսկվայի համալսարանի ուսանողի մասին, մինչև որ օրիորդ Սոֆին ասաց.

— Ես վճռել եմ անպատճառ ծանոթանալ նրա հետ։

— Այո՛, արժե ծանոթանաք,— կրկնեց Անիչկան խորին հուզմունքով։

— Դու լսե՞լ ես նոր համբավ,— խոսքը փոխեց նա։

— Ի՞նչ,— հարցրեց օրիորդ Սոֆին հետաքրքրվելով։

— Օրիորդ Մահակյանը նշանվել է։

— Ասա՛, խնդրեմ, ո՞ւմ վրա,— շտապով հարցրեց օրիորդ Սոֆին։

— Տոլմա֊ուտողի տղա Սոսիկոյի վրա, — պատասխանեց Անիչկան ծիծաղելով։