Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Է

ՆԱ ԻՆՁ ՉԹՈՂԵՑ

Անցել էր ավելի քան մի տարի այն օրից, որ ես կալանավորվեցա, որ ես բանտում մաշվում էի։

Հենց առաջին անգամ, երբ տարվեցա քննիչի մոտ, ես պարզ կերպով խոստովանեցա բոլորը, ինչ որ գործել էի։ Ես ոչինչ չթաքցրի, ես մինչև անգամ ցույց տվի այն բաները, որ ինձանից չէին հարցնում։ Ես մի ըստմիոջե պատմեցի, թե ի՛նչպես անմեղ սրտով դուրս եկա հայրենիքից, ի՛նչպես ընկա խաչագողների հասարակության մեջ, ի՛նչպես հետզհետե ընտելացա չարագործության, ինչե՛ր արեցի, ինչեր կատարեցի և վերջապես որպես հորս խրատով բաժանվեցա այդ հասարակությունից և պատրաստվում էի բոլորովին հեռանալ նրանցից, բայց հանկարծ բռնվեցա։

Ամեն ինչ անկեղծաբար պատմելուց հետո, ես հույս ունեի, որ կարդարացնեն ինձ, տեսնելով, որ ես բոլորովին անգիտակցաբար ընկած էի այդ հանցանքների մեջ, և ի նկատի առնելով, որ ես արդեն զղջացել էի իմ մեղքերը, հասկացել էի իմ մոլորությունները և դարձել էի չար ճանապարհից։

Բայց այնպես չեղավ, ինչպես ես սպասում էի։ Իմ անկեղծ խոստովանությունը ավելի ծանրացրեց իմ վրա իմ մեղքերր։ Ես ինքս ինձ համար վկա դարձա և հաստատեցի իմ հանցանքները։ Իմ զղջման վրա ուշադրություն չդարձրին, մտածեցին միայն ապաշխարության մասին։

Մի քանի ամսից հետո քաղաքի բարձր դատարանում կարդացին իմ դատապարտության վճիռը։ «Զրկել ամեն իրավունքներից, աքսորել մինչև մահ տաժանական աշխատությունների մեջ»...։

Ես շատ տխրեցա, երբ լսեցի այդ վճիռը. չներել հանցավորին, որ արդեն զղջացել էր, որ արդեն ուղղվել էր։ Բայց ո՞վ է քննում մարդու սիրտը։ Նա այնպիսի մի խորության մեջ թաքնված է, որ ամենասրատես դատավորի աչքն անգամ այնտեղ թափանցել կարող չէ։