Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իմ թշվառ դրությունը, մոռացել էի, թե ո՛րպիսի սարսափելի ապագա էր սպասում ինձ,— ես միայն մտածում էի անբախտ Նենեի մասին։ Միշտ իմ աչքերի առջևն էր այն վրդովմունքով լի աղջիկը, տեսնում էի այն հերարձակ կույսի վշտալի պատկերը, լսում էի նրա սգավոր ձայնը...։ Արևը մտավ, մութը պատեց, բանտի մեջ տիրում էր գիշերային խավարը։ Այդ մթության մեջ դարձյալ տեսնում էի նրան, լսում էի նրա ձայնը...։

Առաջի՛ն անգամ ես զգացի շղթաներիս ծանրությունը, առաջի՛ն անգամ բանտը ներկայացավ ինձ յուր սոսկալի կերպարանքով։ Մինչև այսօր ինձ տանելի էր բոլորը։ Իսկ երբ տեսա, թե իմ պատճառով տանջվում է մի անմեղ հոգի, այն ժամանակ միայն հասկանալի եղավ բոլոր զարհուրանքը իմ թշվառ դրության․․․։

Ամենքը թողեցին ինձ. իմ հավատարիմ ընկերները ինձ մատնեցին. ես կտրվեցա լույս աշխարհից... բայց նա ինձ չթողեց...։ Նա եկավ իմ ետևից, նա որոնում էր ինձ, երևի երկար որոնում էր և գտավ։ Բայց գտավ բանտի մեջ, դատապարտյալների մռայլ գերեզմանի մեջ...։

Այդ գերեզմանի շուրջը պտտվում էր նա, գիշերային մենավոր ուրվականի պես պտտվում էր նա, և խավարի միջից մի մարգարեուհի մելեռահարցուկի նման կամենում էր դուրս կոչել յուր սիրելիին...։

Դա իրողություն էր, դա ցնորք չէր, և լսում էի նրա ձայնը, նույն սրտաշարժ, ողբալի ձայնը, որպես լսել էի ցերեկով։ Գիշերը խաղաղ էր. մարդիկ քնած էին, դրսում ամեն ինչ գտնվում էր խորին լռության մեջ։ «Թողե՛ք տեսնեմ նրան»․․․ այդ խոսքերը միայն հնչվում էին գիշերային լռության մեջ...։

Բանտի պահապան զինվորը, հրացանը ուսին գրած, չափավոր քայլերով անցուդարձ էր անում յուր պահականոցի մոտ։ Նա նույնպես լսում էր ողբալի ձայնը և անհետաքրքրությամբ ասում էր. դա այն ցնորված աղջկա ձայնն է»...։

Գիշերը ես անցուցի տենդային անհանգստության մեջ. ո՛չ քնած էի և ոչ արթուն։ Առավոտյան, երբ արեգակի առաջին ճառագայթները ներս ցոլացին բանտի նեղ լուսամուտներից, և ինձ համար ծագեց ուրախության լույսը, դուռը բացվեցավ և խելագարի նման ներս վազեց Նենեն։ Նրա առաջին խոսքերը կցկտուր էին և անհասկանալի։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և երկար մնաց իմ կուրծքի վրա անխոս։ Նա նման էր մի սպանվածի, որի երեսի վրա բնավ գույն չկար։ Կենդանի մնացել էին դեռ չմարած աչքերը միայն, այն