Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատաղությամբ աչքերը, որոնք իրանց խռովության մեջ ևս գեղեցիկ էին։

Նրա խռովությունը շուտով անցավ, անցավ՝ որովհետև գտնվում էր ինձ մոտ, որովհետև տեսնում էր ինձ։ Նա սկսեց խոսել.

— Ա՜խ, սիրելիս, եթե գիտենայիր ո՛րքան որոնել եմ քեզ... ո՛րքան ման եմ եկել...։

Նրա ձայնը սկսեց խեղդվել, փոքր-ինչ հանգստացավ և ապա շարունակեց.

— Անցնում էի քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, ամեն տեղ հարցնում էի քեզ... Ա՜խ, ինչո՞ւ մարդիկ այդքան վատացել են... ամեն տեղ հալածում էին ինձ... ամեն տեղ հեռացնում էին ինձ... չէին թողնում, որ բնակարանների մեջ մտնեմ... ասում էին՝ դա ցնորված աղջիկ է...։

— Ապա ո՞րտեղ էիր անցկացնում դու։

— Փողոցների վրա, բաց երկնքի տակ... և ավելի հանգիստ էի, երբ գտնվում էի անապատում կամ թաքնվում էի անտառների ծառերի մեջ...։ Այնտեղ լավ էր, այնտեղ մարդիկ չկային...։

— Ապա ինչո՞վ էիր կերակրվում դու։

— Շատ անգամ օրերով քաղցած էի մնում.․․ շատ անգամ ուտում էի դաշտային բանջարներ կամ կերակրվում էի վայրենի պտուղներով...։ Երբեմն գտնվում էին բարի մարդիկ, որոնք ինձ հաց էին տալիս։

Եվ այդ բոլորը ո՞ւմ համար, ի՞նչի համար,— մի դատապարտյալ աքսորականի համար, որ պիտի մաշվեր, պիտի ոչնչանար հանքերում...։

Բայց ինձ ավելի զարմացնում էր այն, թե ի՞նչպես թույլ տվին «խելագար աղջկան» մտնել բանտը, որի մեջ ես ամեևին խելագարության նշան չէի նկատում, միայն վերին աստիճանի անձնազոհությունը և թշվառության սաստիկ կատաղությունը նրան բախտավոր մահկանացուների աչքում խելագար էին ներկայացնում։

Նա պատմեց, թե այն օրից, որ եկել էր այդ քաղաքը և տեղեկացել էր, որ ես այն բանտումն եմ գտնվում, բանտի շրջակայքից չէր հեռանում. գիշերները անց էր կացնում նրա պատերի մոտ, իսկ ցերեկով կանգնում էր փողոցների վրա, աղաչում էր, պաղատում էր անցորդներին, պատմում էր նրանց իմ անմեղությունը, խնդրում էր, որ օգնեն ինձ։ Նա դեռ այնքան միամիտ էր, որ կարծում էր, թե ամեն մարդ իրավունք ուներ ինձ դատավոր լինելու։ Իսկ այն առավոտ, երբ բանտը մտնում էր մի երիտասարդ