Էջ:Raffi, Collected works, vol. 2 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/505

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակնոցավոր պարոն, նա վազեց, մոտեցավ և, գրկելով նրա ոտները, խնդրեցէ որ իրան էլ թույլ տան բանտը մտնելու և յուր «սիրելիին» տեսնելու։ Ակնոցավոր պարոնը գթաց նրա վրա, խոստացավ, որ իսկույն հրաման կառնե բանտապահից։ Նա կատարեց յուր խոստմունքը, քանի րոպեից նրան ներս թողեցին։

Որքան մխիթարական լիներ իմ դժբախտության տխուր ժամերում տեսնել իմ մոտ Նենեին, որքան սիրարժան լիներ նրա ծայրահեղ անձնավորությունը, այսուամենայնիվ, ես մտածում էի. «մի թե ես արժեմ դրան... ի՞նչով է մեղավոր այն անմեղ աղջիկը, որ տանջվում է մի չարագործի համար..․, ինչո՞ւ ես ձգեցի նրա սրտում այն սրբազան կայծը, որ այնքան բոցավառվեցավ, որ այնքան բորրոքվեցավ, մինչև խելքից հանեց նրան... ինչո՞ւ ես խլեցի նրա հանգստությունը...։ Այդ բնության ազատ որդին, որի ցեղին վիճակված է կյանքի անհոգ և ավելի ուրախ բաժինը, գուցե ավելի բախտավոր կլիներ, եթե չհանդիպեր ինձ... իեչո՞ւ ես թշվառացրի նրան...։ Ավելի լավ չէ՞ր լինի, որ հենց այն օրը, երբ ես նրա կյանքը ազատեցի եղեռնագործի ձեռքից, բաց թողնեի նրան։ Նա կգնար, աշխարհը լայն ու արձակ է ցիգանուհու համար,— կգնար և յուր համար նոր բախտ կորոներ»․․․։

Արդեն ուշ էր... այդ բոլորը պետք էր անցած համարել... ես միայն հարցրի.

— Ինչո՞ւ եկար դու, ի՞նչու չմնացիր հորս մոտ. նա բարի մարդ էր, կպահեր, կպահպաներ քեզ։

Դժբախտները ամեն մի դժբախտության դեպքերում այն քաղաքավարական ձևերը չգիտեն, որ պահպանում են բախտավորները միայն։ Նենեն բոլորովին պարզ կերպով պատասխանեց.

— Հայրդ մեռավ, նա մեռավ հենց այն օրը, երբ իմացավ, որ դու կալանավորված ես։

Այդ բոթը սարսափելի ներգործություն ունեցավ իմ վրա։ նա մեռավ իմ պատճառով, մոլորյալ որդու պատճառով, ես նրա մահվանը պարտական էի...։

Նենեն չնկատեց իմ խռովությունը շարունակեց պատմել.

— Այն առավոտը, երբ դու հեռացար խրճիթից և խոստացար, թե երեկոյան կվերադառնաս, մենք անհամբեր սպասում էինք քեզ։ Արևը մտավ, օրր մթնեց, բայց դու չվերադարձար։ Ամբողջ գիշերը չքնեցինք, հենց նստած սպասում էինք քեզ։ Հայրդ մեր բոլորից ավելի անհանգիստ էր։ Մյուս առավոտը մինչև ճաշ դարձյալ սպասում էինք քեզ։ Հետո հայրդ ինձ յուր հետ առնելով, գնացինք այն